Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին առաջարկել է ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների առեւտուրը կատարել ռուբլով եւ հրաժարվել դոլարից: Հայաստանի վարչապետի խոսքերն է մեջբերել «Росбалт»-ը:
«ԵՏՄ-ում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել փոխադարձ հաշվարկները ազգային արժույթով կատարելու համար եւ կրճատել դոլարիզացիան: Նաեւ արդիական է ներդաշնակ մակրոտնտեսական քաղաքականության իրականացման հարցերով փորձի փոխանակումը: Այս համատեքստում կարեւոր է ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների երկկողմ առեւտուրը կատարել ռուբլով, առանց դոլարից կախվածություն ունենալու»,- ասել է ՀՀ վարչապետը:
Այսօր Բելառուսում տեղի է ունենում ԵՏՄ անդամ երկրների վարչապետների հանդիպումը, որին մասնակցում է նաեւ Հովիկ Աբրահամյանը: Հանդիպման ընթացքում ենթադրվում է քննարկել արդյունաբերական քաղաքականության համակարգման, ինչպես նաեւ ԵՏՄ-ի մակրոտնտեսության եւ ֆինանսական շուկայի հարցեր:
Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այդ երկրի Պետական դումային օրենքի նախագիծ է ներկայացրել ԱՊՀ անդամ-պետությունների արժութային ինտեգրված շուկայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի վավերացման վերաբերյալ: Համաձայնագրի մասնակիցների միջեւ արժութային գործողությունները կարող են կատարվել առանց դոլարի կամ եվրոյի միջանկյալ հաշվարկման: Համաձայնագիրը ստորագրել է նաեւ Հայաստանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ