Հոկտեմբերին Հայաստան կժամանեն շուրջ 120 երիտասարդ եվրոպացիներ: Հոկտեմբերի 8-14-ը Դիլիջանում կանցկացվի ակադեմիական ֆորում: Այն իրականացնում է «Եվրոպական երիտասարդական պառլամենտ-Հայաստան»-ը (EYP Armenia): Նշենք, որ «Երիտասարդական խորհրդարան-Հայաստանը» գործունեության հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում հյուրընկալել է 3000-ից ավելի երիտասարդների, շուրջ 400 կամավորների:
Aravot.am-ի հետ զրույցում Դիլիջանի ֆորումի հանրային կապերի պատասխանատու Գևորգ Հայրապետյանը տեղեկացրեց, որ ֆորումի մասնակիցները քննարկելու և բանաձևեր (resolutions) են ընդունելու հետևյալ 7 թեմատիկ կոմիտեներում՝ արտաքին քաղաքականություն, տնտեսական և դրամային քաղաքականություն, քաղաքացիական իրավունքներ, արդարադատություն և ներքին քաղաքականություն, շրջակա միջավայրի պաշտպանություն և հանրային առողջություն, մարդու իրավունքներ, ինչպես նաև իրավական հիմնահարցեր: Նրա խոսքով՝ ֆորումի լավագույն մասնակիցը կմեկնի Իռլանդիա՝ 2016 թվականին Դուբլինում նախատեսված միջազգային ֆորումին մասնակցելու համար։ Դիլիջանի ֆորումի մասնակիցները հայտնի կդառնան սեպտեմբերի 10-ից հետո: Հետաքրքրվեցինք` երիտասարդների առաջարկների հետ Եվրախորհրդարանում հաշվի նստո՞ւմ են, Գևորգ Հայրապետյանը պատասխանեց. «Ֆորումի բոլոր օրինագծերը, որոնք գլխավոր ժողովում կներկայացվեն ու կանցնեն, կուղղվեն դեպի Եվրախորհրդարան` Գերմանիա, որպես խորհրդատվություն երիտասարդների կողմից: 25 տարվա գործունեության ընթացքում եվրոպական երիտասարդական խորհրդարանի առաջարկած օրինագծերից մի քանիսը Եվրախորհրդարանում դարձել են օրենք` առանց փոփոխությունների»:
Հետաքրքրվեցինք` կուսակցական երիտասարդությունը մասնակցելո՞ւ է ֆորումին, մեր զրուցակիցն ասաց, որ Եվրոպական երիտասարդական խորհրդարանն անկուսակցական, անկախ մարմին է: Հարցին` եթե կուսակցական երիտասարդը դիմի, նրա հայտը կմերժվի՞, Գևորգը պատասխանեց, որ եթե որպես ոչ կուսակցական է մասնակցում ֆորումին, ապա հնարավոր է՝ ընդգրկվի: Հետաքրքրվեցինք` Թուրքիայից ու Ադրբեջանից մասնակցության հայտեր գրանցվե՞լ են, Գևորգը պատասխանեց. «Ադրբեջանը չի արձագանքել, սակայն Թուրքիայից որոշ հայտեր կան»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ