Սիրիայում՝ Դամասկոսի շրջանում կային օջախներ, որտեղ ընթանում էին մարտեր, իսկ հիմա այդ մարտերը պարզապես ինտենսիվացել են և տեղափոխվել Դամասկոսի կենտրոնական շրջաններ:
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը Սիրիայում տեղի ունեցող վերջին ներքաղաքական իրադարձություններին և սիրիահայերի խնդրին անդրադարձան արաբագետներ Հայկ Քոչարյանն ու Սարգիս Գրիգորյանը:
«Դեռևս երկար կխոսենք Սիրիայում ռազմական գործողությունների մասին, որոնք համակել են ամբողջ երկիրը: Հատկանշական է, որ վերջին մի քանի օրերին առավել ինտենսիվ ռազմական գործողություններ և մարտեր են գրանցվում Դամասկոսի նահանգում, որտեղ մայրաքաղաքն է և հյուսիսային Իդլիբ և Հալեպ նահանգներում: Սակայն այս մարտերը հիմնականում գրանցվում են ընդդիմադիրների միջև, այլ ոչ թե ընդդիմադիրների և կառավարական ուժերի միջև: Չնայած կան հատվածներ, օրինակ՝ Լիբանանի հետ սահմանին, որտեղ առավելապես բախումները ընթանում են ընդդիմադիրների և կառավարական ուժերի միջև»,-ասում է Գրիգորյանը:
Նա նշում է, որ Հալեպի նահանգներում ընթացող մարտական գործողություններում, ըստ բազմաթիվ տեղեկությունների, «Իսլամական պետությունը» նույնիսկ քիմիական զենք է կիրառել:
Կարդացեք նաև
«Եթե խոսենք Սիրիայից դուրս զարգացումների մասին, ապա այստեղ որոշակի հստակություն կա կապված ընտրված թիրախի հետ, որը «Իսլամական պետությունն» է: Այդ պայքարը, որ վարվում է «Իսլամական պետության» դեմ, տարբեր ուժերի մոտ ընկալումը տարբեր է: Հայտարարվել է «Իսլամական պետության» դեմ պայքար, բայց Թուրքիան նոր է միանում այդ պայքարի կոալիցիային և իրականացնում օդային հարվածներ, ինչը ավելի շատ ուղղված է քրդական ուժերի դեմ»,-հավելում է Գրիգորյանը:
Քննարկման մասնակից Հայկ Քոչարյանն էլ նշում է, որ Դամասկոսի արվարձանները և ողջ շրջակայքը բավականին ժամանակ ռազմական գործողությունների թատերաբեմ են եղել:
«Վերջի շրջանում լարվածությունը Դամասկոսում ինտենսիվացել է և արդեն կենտրոնական շրջաններն է հրթիռահարվել, որի հետևանքով ունենք զոհեր: Մենք ականատես ենք լինում, որ անվտանգության կղզյակներ թվացող վայրերում գործողություններն ակտիվանում են»,-նշեց Քոչարյանը:
Թե ինչ քայլեր պետք է կատարել Սիրիայում վտանգի տակ գտնվող հայ համայնքին աջակցելու համար, Քոչարյանը ասաց, որ դեռ պատերազմի սկզբից այդ մասին բազմիցս խոսվել է ու առաջարկներ արվել:
«Ես կարծում եմ, որ բավարար քայլեր չի արվել այս հարցում: Կցանկանայի ավելի գլոբալ նայել: Ոչ թե այստեղ խնդիրը դրված է Հայաստան և սիրիահայ համայնք, այլ դրված է Հայաստան և հայ համայնքներ ամբողջ աշխարհում: Եթե սիրիահայ համայնքի դեպքում արվել են գործողություններ, ապա կարծում եմ դրանք բավարար չեն արվել: Եվ հարցը է, ունի՞ արդյոք Հայաստանը ռազմավարություն հայ համայնքների հետ քաղաքականություն վարելու, թե՞ ոչ»,-հավելեց Քոչարյանը:
Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր