Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը եւ Թուրքիան կարող են համագործակցել տուրիզմի եւ ՏՏ ոլորտներում

Սեպտեմբեր 08,2015 15:45

Ի՞նչ անել հանրային մակարդակում`հայ թուրքական հարաբերությունների զարգացման համար: Այս հարցի պատասխանն այսօր, «Հայ-թուրքական հարաբերությունները Ցեղասպանության 100-ամյակի տարելիցից հետո. նշանակությունը, հիշողությունը եւ քաղաքականությունը» թեմայով քննարկման ժամանակ, փորձեցին տալ Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի ներկայացուցիչ Ուսսալ Սահբազը եւ «Ալյանս հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքական վերլուծաբան Գեւորգ Մելիքյանը:

Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը ուսումնասիրություններ է անցկացրել եւ եկել են այն եզրակացության, որ «Ստամբուլից Հայաստանը փոքր է ու հնարավորությունները Թուրքիայի համար մեծ չեն, բայց որոշ մարզերի համար մեծ հնարավորություններ կան»: Խոսքը Թուրքիայի Արեւելյան հատվածի մասին է: «Դրանք ավելի աղքատ են, քան Հայաստանը»,- ասում է Ուսսալ Սահբազը:

Ուսումնասիրվել են Թուրքիայի արտահանման եւ Հայաստանի ներմուծման ծավալները եւ հակառակը: Այդ արդյունքներով, հիմնական շրջանառությունը, սակայն, Ստամբուլի եւ Հայաստանի միջեւ է, ոչ թե Արեւելյան Անատոլիայի: «Սահմանի բացումը այս իրավիճակը չի փոխի: Սա չի նշանակում, որ սահմանը պետք չէ բացել, բայց պետք է վերլուծություն ունենալ, թե դա ինչ կտա»,- ասում է փորձագետը:

seminar-2

Ուսումնասիրվել են նաեւ ԵԱՏՄ-ի ստեղծած հնարավորությունների շրջանակում համագործակցությունները: Գնահատումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ Հայաստանի եւ Թուրքիայի համագործակցության ոլորտները տուրիզմը, հյուրընկալությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաներն են: ՏՏ արտահանումների ոլորտում Հայաստանը Թուրքիայից առաջատար է ու սա Հայաստանի համար կարեւոր է: Թուրքիայում պահանջարկ կա եւ ուսումնասիրությունները վկայում են, որ հայկական ընկերությունները կարող են լրացնել այդ պահանջարկը: Կենտրոնն առաջարկներ ունի նաեւ Կարսը հատուկ տնտեսական գոտի ճանաչելու, Անիի սահմանը բացելու, երկու երկրների` Եվրոպական ավիացիոն տարածք մտնելու, Չինաստանի`Մետաքսի ճանապարհի հնարավորությունների մասով:

Գեւորգ Մելիքյանն էլ անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման փուլին. «Արձանագրությունները հնարավոր չի կյանքի կոչել, եթե լինի քայլ, պիտի նոր հարթակ լինի»:

Նա առավելապես խոսեց այն մասին, թե ի՞նչը կարող են ՀՀ-ում եւ Թուրքիայում խոչընդոտել այդ հարաբերությունների կարգավորմանը: Այդ համատեքստում վերլուծելով հայ-թուրքական հարաբերությունները 1991 թվականից ու դրանք պայմանական փուլերի բաժանելով, քաղաքական վերլուծաբանն այդ հարաբերությունների չորրորդ փուլն այսպես է պատկերացնում. «Հարաբերությունների եւ ընկալումների սիմետրիա»:

Ըստ բանախոսի, Թուրքիայի համար ՀՀ-ն շատ փոքր դեր է խաղում արտաքին քաղաքականության մեջ, մինչդեռ Թուրքիայի հետ հարաբերությունները մեծ դեր են խաղում, որքան էլ դա չի կապվում Ցեղասպանության հետ. «Այդ հարցը կա. Կարելի է այն մի կողմ դնել, չշահարկել: Բայց հայերի ակնկալիքները ավելի շատ են Թուրքիայից, քան Թուրքիայինը: Եթե նոր հարաբերություններ սկսվեն`պետք է այս ասիմետրիան հաշվի առնել»: Նա տարընկալումներ է տեսնում նաեւ անվտանգության հարցերի ընկալումներում, մանավանդ, շրջափակման պայմաններում:

Հայ-թուրքական հարաբերությունների հիմնական խոչընդոտներից մեկն էլ Գեւորգ Մելիքյանը համարում է ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները:

«Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ նույն գետը կմտնի եւ որեւէ բան կնախաձեռնի Թուրքիայի համար»,-ասաց բանախոսը հավելելով, որ Դավիթ Շահնազարյանի հետ համամիտ է`նախաձեռնությունը Անկարայից պիտի գա ու ՀՀ-ի իշխանությունները երկար են մտածելու, քանի որ հարվածի տակ կընկնեն թե Սփյուռքի, թե քաղաքական ուժերի կողմից, քանի որ նախորդ նախաձեռնությունը տապալվեց:

Գեւորգ Մելիքյանը նաեւ գտնում է, որ Հայաստանը Ցեղասպանության եւ հայեցակարգի մասով պիտի հստակեցնի իր քաղաքականությունը:

«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցություն» կազմակերպության ղեկավար Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանում հոռետես են, բայց հնարավոր է նաեւ այնպես լինի, որ Թուրքիայի ԱԳՆ-ից մի օր նամակ ստանանք`սահմանը բացել ենք:

Դեսպան Դավիթ Շահնազարյանը գտնում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների հարցը դեռ ներքաղաքական պրոպագանդայի գործիք է մնալու Էրդողանի ձեռքին: Թուրք վերլուծաբան Օզգյուր Ունլուհիսարչիկլին էլ գտնում է, որ Հայաստանը պետք է քայլ անի ու մի քանի շրջաններից դուրս գա, որոնք ռազմավարական նշանակություն չունեն, իսկ 1915-ի առումով էլ Թուրքիան կարող է ժեստեր անել:

Գեւորգ Մելիքյանը նկատեց, որ օրերս ինքը եղել է ԼՂՀ-ում ու որեւէ բան հանձնելու պատրաստակամություն այնտեղ բնակվող մարդկանց մոտ, չի տեսել:

Դավիթ Շահնազարյանը նկատեց, որ ավելի քան քսան տարի է այս մասին ասվում է: «1993-ին թուրքական շատ բարձր պաշտոնյա է առաջին անգամ ասել ինձ այդ մասին: Իմ պատասխանը եղել է`ամեն ինչ կարող է լինել, բայց համապարփակ խաղաղության մեծ պայմանագրի շրջանակում: ՀՀ-ի դիրքորոշումը մինչ այժմ դա է:

ՀՀ-ն համաձայն է Մինսկի խմբի շրջանակում աշխատել այդ պայմանագրի վրա, Ադրբեջանը հրաժարվում է, Թուրքիան էլ քաջալերում է»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930