Վերջին հինգ տարիների ընթացքում 13 դպրոց է փակվել: «Մենք ի՞նչ մեղավոր ենք, որ երեխաների թիվը նվազում է: Դպրոց չկա, որովհետև երեխա չկա, իսկ երեխա չկա, որովհետև չեն ծննդաբերում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ եթե փակելու լինեին, առնվազն 100 դպրոց այս պահի դրությամբ պետք է փակեին՝ ֆինանսական կայունությունը հաշվի առնելով. «Սակայն վերջին տարիներին բացառիկ դեպքեր են գրանցվել, երբ այս կամ այն դպրոցն ենք փակել»,- ընդգծեց Ա. Աշոտյանը:
Նախարարն անդրադարձավ նաև մի շարք բուհերում առկա «կադրային խցանումներին». «Մի կողմից՝ պատկառելի տարիք ու փորձ ունեցող մի շարք դասախոսներ ունենք, մյուս կողմից էլ՝ փայլուն երիտասարդներ, որոնց նույնպես պետք է համակարգում ընդգրկել: Այնտեղ, որտեղ ժամանակակից կրթությունը ձևավորվել է, այդ բուհերի դասախոսները նույնպես դինամիկ են, ժամանակակից, աշխատում են իրենց վրա: Բայց պատկերացնո՞ւմ եք՝ 67 տարեկան մարդն ինչպես պետք է ժամանակակից տնտեսագիտություն դասավանդի, երբ առարկայի աղբյուրների մեծ մասն արդեն այլալեզու է»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ, իրականում, բավականին մեծ դժվարությամբ են կարողանում «ճանապարհել» դասախոսներին:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ