«ՌԱՆ» միջազգային անվտանգության խնդիրների ինստիտուտի աշխատակից Ալեքսեյ Ֆենենկոն Sputnik.az-ի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանը փորձում է ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցությունները:
«Այդ նպատակով օգոստոսի 31-ին ԱԳ նախարար Լավրովը չծրագրված այցով եղել է Բաքվում: Երեկ Ղարաբաղի շուրջ բանակցությունները շարունակվել են նախագահներ Պուտինի եւ Սարգսյանի միջեւ: Թեման կրկին արդիական է դարձել Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրավիճակի սրման պատճառով»,- ասել է քաղաքագետը:
Նա կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման նպատակով 1992 թվականին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի չի աշխատում եւ բանակցային ձեւաչափը պետք է զրոյից ստեղծել: «Ղարաբաղի խաղաղ բանակցային գործընթացի ձախողման պատճառը Ցյուրիխյան արձանագրություններն էին»:
Անդրադառնալով հայ-ռուսական տնտեսական եւ ռազմա-տեխնիկական համաձայնագրերին՝ Ալեքսեյ Ֆենենկոն նշել է, որ դրանք կոչված են 3 առաջադրանք լուծելու համար. առաջին հերթին հաստատել Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: «Երկրորդը՝ վերադարձնել հավատը հայ-ռուսական հարաբերություններին: Երրորդը՝ հայ համայնքին ցույց տալ Ռուսաստանի անվտանգության երաշխիքների հուսալիությունը»:
Կարդացեք նաև
Ֆենենկոն եզրափակել է, որ Ադրբեջանում վստահաբար կքննադատեն հայ-ռուսական համաձայնագրերը, սակայն, Հայաստանում առանց դրանց կաճի խոցելիության զգացումը. «Սա անկայուն իրավիճակ կստեղծի: Մինչդեռ սեփական անվտանգության զգացումը կողմերին կխրախուսի շարունակել բանակցությունները»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ