Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացրած «ՀՀ ուսանողների կենսաոճի և Բոլոնիայի գործընթացի գնահատման հետազոտության»՝ ուսանողների ընդհանուր տեղեկացվածությունը բոլոնյան գործընթացից բարձրացել է. ուսանողների 41.2%-ը լավատեղյակ է կամ բավարար չափով գիտի՝ ինչ է բոլոնյան գործընթացը (2013-ին 32.2%-ն էր տեղյակ): Իսկ թե ի՞նչ է իրենից ներկայացնում կրեդիտային համակարգը, տեղյակ է ուսանողների 73%-ը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով՝ հայ ուսանողի՝ Բոլոնիայի գործընթացի վերաբերյալ իմացությունը միջին եվրոպականից ավելի բարձր է:
Հարցման արդյունքներով՝ ուսանողների 69.3%-ը գերադասում է, որ դասախոսը թելադրի կամ թելադրի ու պատմի դասախոսությունը: Մասնագիտական գրականությունը տեղեկությունների հիմնական աղբյուր է ուսանողների 48.7%-ի համար: Ուշագրավ է, որ ուսանողների 77.1%-ը հաղորդել է, որ մասնագիտական առարկաների կոնսպեկտները լիովին բավարար են այդ առարկաներից քննությունները բարեհաջող հանձնելու համար:
«Կրթության որակի հետ կապված՝ այս ցուցանիշները մեզ համար աշխատելու նոր ճակատ են բացում, քանի որ ուսանողների համար լրացուցիչ ինֆորմացիա ստանալու մոտիվացիան ձևավորված չէ: Սովետական մտածելակերպ է, եթե կարծում են, որ նախարարը, նախարարությունը կամ ռեկտորը պետք է հրահանգի, որ ուսանողը սովորի: Մենք պետք է համապատասխան պայմաններ ստեղծենք, իսկ ուսանողն էլ, իր հերթին, պետք է ձգտում ունենա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ա. Աշոտյանը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է օտար լեզուների իմացությանը, իրենց ինքնագնահատականներով ռուսաց լեզվին «գերազանց» կամ «լավ» տիրապետում է ուսանողների 65.7%-ը (2013-ին՝ 61.4%-ը), անգլերենին՝ 42.0%-ը (2013-ին՝ 39.7%-ը):
Ի դեպ, զգալիորեն աճել է ուսանողների՝ նախարարության հետ շփումը, ինչը, ըստ Ա. Աշոտյանի, մի կողմից լավ է, մյուս կողմից՝ վատ. «Դա նշանակում է, որ նախարարությունն ուսանողի համար ավելի վստահելի օղակ է, ինչը դրական է մեզ համար, սակայն, մյուս կողմից, մենք չենք ուզում վերմակը միայն մեզ վրա քաշել, քանի որ սա փաստում է այն մասին, որ խնդիրների մեծ մասը բուհում չի լուծվում, և ուսանողը դիմում է մեզ: Ուստի, մենք արդեն հրահանգել ենք բուհի ռեկտորներին քայլեր ձեռնարկել այս առումով, քանի որ ուսանողները մեզ դիմում են խնդիրներով, որոնք պետք է լուծվեն բուհի մակարդակով»,- ընդգծեց նախարարը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ