Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մանվել Բադեյանը 4 աղջիկ ունի ու ոչ մեկից «պակաս տղա» չի». ՀՀԿ պատգամավորը՝ սեռով պայմանավորված աբորտների դեմ

Սեպտեմբեր 08,2015 15:18

ԱԺ առողջապահության մայրության եւ մանկության հարցերի հանձնաժողովում սեպտեմբերի 8-ին քննարկվեց կառավարության նախագիծը՝ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ փոփոխության նպատակն այն է, որ այդ հիվանդությամբ տառապող մարդկանց նկատմամբ խտրականությունը բացառվի: Ըստ գործող օրենքի, ՄԻԱՎ-ով վարակված եւ ՁԻԱՀ-ով հիվանդ օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց համար ՀՀ մուտք գործելու դեպքում հատուկ կարգ էր գործում: Պետք է փաստաթուղթ ներկայացնեն, որ իրենք հիվանդ չեն՝ ՀՀ մուտք գործելու համար:

Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը պատմեց, որ 90-ականներից հետո պայքարել են վիրուսի եւ հիվանդների դեմ: Հետո որոշեցին քաղաքացիներին բացատրել, որ իրենց պարկեշտ պահեն եւ չմտնեն չպաշտպանված տարածք՝ անկախ նրանից՝ 3 օրով են եկել, թե՞ 6 ամսով. «Կապ չունի՝ 5 օրով էլ կարող է գա եւ վարակը փոխանցի: Բայց եթե մարդը եկել է, ուզում է բուժում ստանա, պետք է գա: Ստացվում էր խտրականություն՝ գրիժա բուժելու համար կարելի է գալ, ՁԻԱՀ բուժելու համար՝ ոչ: Դրա համար պետք է այդ արգելքը վերացնել»:

Aroxjapahutyan_handz-2Կառավարությունն առաջարկում է նաեւ փոփոխություն կատարել Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում եւ արգելել սեռով պայմանավորված հղիության ընդհատումը: Փոխնախարարը օրենքը ներկայացնելիս ասաց. «Փոփոխության պատճառն այն է, որ ՀՀ-ում ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կա ծննդյան բնական պահին սեռի շեղում այն բնական բաշխվածության, որը կար մինչեւ 90-ականները: Այն ժամանակ՝ 90-ականներից հետո, տղա ունենալու ցանկության հետ պայմանավորված ընդհատել են իգական սեռի պտուղների հղիությունը: Հայ ժողովրդի հոգեբանություն կա, որ տղան աշխատողն ու պահողն է, սա բերել է որոշակի շեղումների: Եթե առաջին հղիության դեպքում սա այնքան խնդիր չի, ապա երկրորդ, երրորդ երեխայի դեպքում շեղումը մեծ է: Մեզ մոտ մեծ է ձգտումը տղա երեխա ունենալու: Սեռով պայմանավորված աբորտների՝ արհեստական ընդհատումների թիվը կրճատելու համար կառավարությունն առաջարկում է երկու փոփոխություն կատարել՝ ՀՀ-ում սեռով պայմանավորված աբորտներն արգելվում են: Չի կարող հղին դիմի ծննդատուն կամ գինեկոլոգիական բաժանմունք, եւ չի կարող հայտարարել, որ դրանով պայմանավորված աբորտ է ուզում անել: Այլ դեպքերում կնոջ գրավոր համաձայնություն է պետք, որ ուզում է ընդհատում անել: Կինը, որն ուզում է աբորտ անել, նրան ժամանակ է պետք տալ՝ մտածելու համար: Դիմած օրվանից երեք օրվա ընթացքում կինը վերջնական իր գրավոր համաձայնությունն է տալիս, նոր հնարավոր է իրականացնել աբորտ՝ սեռով չպայմանավորված: Պատճառները կարող են լինել տարբեր՝ սոցիալական, տարիքային եւ այլն»:

Aroxjapahutyan_handz-4ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը զարմացավ՝ ո՞վ է աբորտ անելուց գնում ասում, որ սեռի համար են ընդհատում: Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց, որ Չինաստանն, օրինակ, արգելում է սեռն ասել, բայց դա կոռուպցիոն ռիսկեր ունի, ուստի իրենք այլ ճանապարհով են գնացել:

Արա Բաբլոյանն ասաց, որ աբորտ անելու համար կինը կարող է դեղ խմի եւ ընդհատի, պարտադիր չի բժշկի դիմել. «Այստեղ խնդիր ունենք: Սեռի պատճառով 12 շաբաթականից հետո են ընդհատում: Մինչեւ 12 շաբաթական սեռը դժվար է որոշել, ուստի կինը կարող է ինքը ընդհատել հղիությունը: Իսկ երբ ասում են սոցիալական կամ տարիքային պատճառով է ընդհատում, դա որոշում է հանձնաժողովը»: Արա Բաբլոյանը բացատրեց, որ հիմնականում էմոցիոնալ են գալիս՝ ընդհատման, 3 օր ժամանակը շատ կարեւոր է, բժիշկը երեխայի սրտի աշխատանքն է ցույց տալիս, պտուղն է ցույց տալիս ու արդեն կարող է մտափոխվել:

ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանն էլ հավելեց, որ բժիշկը Բադեյանին էլ կարող է օրինակ բերել, որ 4 հատ աղջիկ ունի ու ոչ մեկից «պակաս տղա» չի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930