Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Բադեյանը՝ կեղծ դեղերի մասին. «Մեռան ժողովրդին թունավորելով»

Սեպտեմբեր 08,2015 15:00

ԱԺ առողջապահության մայրության եւ մանկության հարցերի հանձնաժողովում սեպտեմբերի 8-ին քննարկվեց կառավարության նախագիծը՝ «Դեղերի մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ հեշտացրել եւ պարզեցրել են Հայաստանում դեղերի գրանցման գործընթացը, որովհետեւ մենք փոքր երկիր ենք եւ դեղարտադրողները շահագրգռված չեն, իրենց հետաքրքիր չէ մեր շուկան:

Lyudmila_SargsyanՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հետաքրքրվեց՝ Հայաստանում դեղերի ներկրման շուկայում մենաշնորհներ կան, արդյոք ամրագրվո՞ւմ է օրենքում, թե ովքեր իրավունք ունեն ներկրելու, սպառելու: Օրենքի ընդունման արդյունքում այդ մենաշնորհային կարգավիճակը կարո՞ղ է խախտվել: Սերգեյ Խաչատրյանը բացատրեց, որ յուրաքանչյուր դեղի գրանցման պարագայում հենց մենաշնորհ է ստեղծվում:

Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն էլ հավելեց, որ մենաշնորհ բառը բացասական է ընկալվում, բայց դեղերի դեպքում դա նորմալ է, որովհետեւ դեղն այն ապրանքն է, որ դու ներկրում ես եւ պետք է պատասխանատվություն կրես դեղի որակի, անվտանգության համար:

Սերգեյ Խաչատրյանն էլ ասաց, որ օրենքով զուգահեռ ներմուծման սահմանում կա, որը թույլ է տալիս, որը մրցակցության հնարավորություն է ստեղծում:

Vahe HovhannisyanԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը հետաքրքրվեց՝ այս օրենքի հետ կապված ԵՏՄ-ում մենք կոնֆլիկտ չունե՞նք, համապատասխանո՞ւմ է մեր ստանձնած պարտավորություններին: Փոխնախարարը պատասխանեց, որ միասնական շուկա դեռ գոյություն չունի: Առայժմ ԵՏՄ-ից ներկրվող դեղը նույն կերպ պետք է գրանցվի ՀՀ-ում, ինչ ԵՄ-ից, որեւէ տարբերություն չկա:

«Դեղգործակալության» տնօրեն Հակոբ Թոփչյանը նշեց, որ Հայաստանում դեղ գրանցելն արժե մոտ 750 հազար դրամ, եթե օրիգինալ դեղ է՝ ավելի շատ է՝ մոտ 1.5 մլն:

BabloyanԱրա Բաբլոյանը նշեց, որ համընդհանուր ճանաչված, հայտնի դեղերի գրանցումը շատ ավելի պարզեցված է, գինն էլ է մատչելի, որովհետեւ մենք նայում ենք այն քննությունները, որ իրենք հանձնել են. «Մեզ պետք չի ավելորդ տեղը թանկացնել ու բարդացնել, այդ մարդիկ ընդհանրապես չեն գրանցվի այս փոքր շուկայում: Երեկ ՌԴ նախագահն ի՞նչ ասաց, ասաց՝ մենք պիտի հասնենք նրան, որ մեր մոտ սպառվող դեղերի 90 տոկոսը արտադրենք ՌԴ-ում, բայց մենք չենք մերժում դրսի դեղը, թող գա գրանցվի ու սպառվի: Ինքը ուրիշ քաղաքականություն կարող է ունենա, որովհետեւ հզոր, մեծ պետություն է, դրա համար իր մոտեցումը դրսի դեղին կարող է լինել այլ ձեւով: Մենք պետք է կարողանանք ճկուն լինել ու Բելառուսին, Ղազախստանին համոզենք, որ եթե դեղը մեզ մոտ արդեն գրանցված է, դու պիտի ճանաչես մեր գրանցումը»:

Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ Հայաստանը միացել է միջազգային համաձայնագրին, որը պետք է վավերացնի ԱԺ-ն շուտով, այն հնարավորություն է տալու վերահսկել կեղծ, վտանգավոր դեղերը, բժշկական պարագաները, անգամ ներարկիչները: ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանն արձագանքեց. «Իսկ ինչի՞ էսքան ուշ, առաջին օրվանից պիտի լիներ, էլի, մեռան ժողովրդին թունավորելով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930