Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼՂՀ անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահները շնորհավորական նամակ են գրել

Սեպտեմբեր 08,2015 14:54

Վաշինգտոն – 1991 թվականի սեպտեմբերի 2-ին  Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և հարակից Շահումյանի շրջանի օրենսդիր մարմինը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ)՝ Արցախի կազմավորման մասին: 24 տարի առաջ օրինական բանաձևը չեղյալ հայտարարեց  Իոսիֆ Ստալինի 1921 թվականի կամայական որոշումը՝  հին հայկական Արցախի նահանգն այն ժամանակվա նորաստեղծ Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու մասին:

«Մենք միանում ենք բոլոր բարի կամքի տեր մարդկանց՝  տոնելու Արցախի անկախության օրը», – հայտարարեցին Ամերիկայի Հայկական Համագումարի խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը. «Մենք ողջունում ենք Լեռնային Ղարաբաղի նվիրվածությունը ժողովրդավարությանը և անկախությունից ի վեր նրա շարունակական վճռականությունն անմեղ քաղաքացիների հանդեպ Ադրբեջանի ագրեսիայի արմատացած դրսևորման դեմ: Խորհրդային Միության փլուզման պահին Միացյալ Նահանգները հաստատակամորեն պայքարում էր հանուն Լեռնային Ղարաբաղի ճնշված հայերի իրավունքների պաշտպանության.  սա մեզ համար հարմար առիթ է շնորհակալություն հայտնելու այն պաշտոնյաներին, ովքեր Ամերիկան ներկայացնում են լավագույն կողմից և բացահայտելու նրանց, ովքեր կաշառված են ադրբեջանական նավթադոլարներով  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խիզախ քաղաքացիներին բնաջնջելու համար»,  ասացին Բարսամյանը և Գրիգորյանը:

1991 թվականին անկախություն ձեռք բերելուց ի վեր ԼՂՀ-ն իր անկախությունը պաշտպանել է ռազմի դաշտում և զարգացել է որպես կայուն ժողովրդավարություն`  կենսունակ քաղաքացիական հասարակությամբ և զարգացող շուկայական տնտեսությամբ:  Չնայած Ադրբեջանի նորացված ագրեսիայի շարունակվող սպառնալիքներին՝ Արցախը շարունակում է հավատարիմ մնալ մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների համամարդկային արժեքներին: Հանրապետության քաղաքացիները և իշխանությունները հաստատակամ են շարունակելու զարգանալ որպես ինքնիշխան ժողովրդավարություն և միջազգային հանրության վստահելի անդամ:

ԼՂՀ անկախության 24-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ կոնգրեսականներ և Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ  Ֆրենկ Փալլոն կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի նահանգ) և Ռոբերտ Ջ. Դոլդը (հանրապետական, Իլինոյս նահանգ) շնորհավորական նամակ են գրել նախագահ Բակո Սահակյանին և Արցախի ժողովրդին:  Համանախագահները նշել են, որ «1991 թվականին [Արցախի] հանրապետության ձևավորումը ճանապարհ բացեց դեպի անկախություն և ժողովրդավարություն, և ձեր ժողովուրդը շարունակում է ցույց տալ իր նվիրվածությունն այս համամարդկային արժեքներին»: Նամակում կոնգրեսականներ Փալլոնը և Դոլդը  նաև աջակցություն են հայտնում Արցախի՝ « միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերին  և լիահույս են առ  այն օրը, երբ վերջինս իր արժանի տեղը կստանձնի ազգերի համայնքում»:

ԱՄՆ-ում  ԼՂՀ  ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներ Փալլոնին և Դոլդին հայ համայնքի համար կարևոր հարցերում նրանց շարունակական առաջնորդության և Արցախի ինքնիշխանության և ժողովրդավարական ձգտումներին ուղղված նրանց մշտական աջակցության համար:

Ամերիկայի հայկական համագումարի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930