Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Հայ-թուրքական հարաբերությունների բանալին Անկարայում է» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 08,2015 13:37

«Վերջին տասնամյակում Թուրքիայում որակական փոփոխություններ են եղել, թե ներքին, թե արտաքին փոփոխությունները բերել են նոր իրավիճակի ու Հայաստանի հանրությունը թյուրըմբռնում ունի ներկայիս Թուրքիայի մասին»,- «Հայ-թուրքական հարաբերությունները Ցեղասպանության 100-ամյակի տարելիցից հետո. Նշանակությունը, հիշողությունը եւ քաղաքականությունը» թեմայով սեպտեմբերի 8-ի քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ, Արտակարգ եւ լիազոր դեսպան Դավիթ Շահնազարյանը: Քննարկումը կազմակերպել էին «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնը» եւ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակը:

Դավիթ Շահնազարյանը համամիտ է «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ`թվում է, թե՛ Թուրքիայում, թե՛ Հայաստանում ներքին օրակարգերի հետ հայ-թուրքական հարաբերությունների հարցը կապ չունի, բայց քանի որ իշխանությունները ոչինչ չեն անում, քաղաքացիական հասարակությունները, վերլուծաբանները պիտի եռակի-քառակի ռեժիմով աշխատեն:

seminar-1

Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները` ԱՄՆ, Իսրայել, ԵՄ-ի հետ հարաբերություններ, Դավիթ Շահնազարյանի գնահատմամբ, Թուրքիայի համար այժմ առաջնահերթություն չեն. «Այո`զրո խնդիրներ հարեւանների հետ կարգախոսով, Թուրքիան մնաց առանց հարեւանների: Ինձ եւ շատերի համար պարզ չեն Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունները»:

Դավիթ Շահնազարյանի դիտարկմամբ, մինչեւ Էրդողանի կառավարումը, եթե Թուրքիայի ներքին քաղաքականությունը կախված էր արտաքինից, ապա, վերջին տասը տարիներին, ներքին քաղաքականությունն ամբողջապես որոշում է արտաքին քաղաքականությունը. «Էրդողանի համար ձայներն ամենակարեւորն են եւ նա պատրաստ է ցանկացած արտաքին քաղաքականության փոփոխության, ներքին քաղաքականության համար»: Հունիսի 7-ի ընտրություններից հետո Թուրքիայում ներքաղաքական սրումները, բանախոսը պայմանավորում է, այն խնդիրներով, որ ունի իշխող կուսակցությունը:

Ինչեւէ, ՀՀ-Թուրքիա միջպետական հարաբերություններում Դավիթ Շահնազարյանը հիմնավոր է համարում լուրջ առաջխաղացումներ հուսալը:

Նա նաեւ չի կիսում արմատավորված այն մոտեցումը, որ հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանը հիմնականում շահագրգռված է սահմանի բացմամբ, մինչդեռ Անկարան շահագրգիռ է քաղաքական հարաբերություններով: «Հայաստանը նույնպես շահագրգիռ է եղել քաղաքական հարաբերություններով»,- ասաց նա`հավելելով, որ հայ-թուրքական հարաբերությունների վիճակ հիմա չկա ու ինչ- որ բան եթե սկսվի, ապա այդ սկիզբը լինելու է Անկարայում. «Ցյուրիխյան արձանագրություններից պաշտոնական Անկարայի հրաժարվելը բերեց պաշտոնական Երեւանի եւ Անկարայի լարվածության»: Դավիթ Շահնազարյանն այդ լարվածության թուլացման այլընտրանքը չի տեսնում:

Հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորմանը, ըստ նրա, Ցեղասպանության հարցը չի խոչընդոտում, ոչ էլ այն, որ թուրքական մամուլը գրում է, թե Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ ունի:

Թե ո՞ր հարցերն են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտում`տեսանյութում

Արագ փոփոխվող աշխարհում, շատ արագ կարող է փոխվեն նաեւ հայ-թուրքական հարաբերությունները ու բանախոսի համոզմամբ, մենք պետք է դրան պատրաստ լինենք: «Թուրքիան ինչքան հեռացավ Արեւմուտքից, այնքան նվազեց Թուրքիայի դերը Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում: Իրանի դերը մեծանում է, որովհետեւ բարձրացնում է Արեւմուտքի հետ իր հարաբերությունները»,- կարծում է Դավիթ Շահնազարյանը`հավելելով, որ տարածաշրջանում ազդեցությունների համար ՌԴ-ի դերը նվազելու է, Թուրքիայի եւ Իրանի միջեւ մրցակցություն է սկսվելու: Բաքվի քաղաքականությունը չի կարծում, որ կփոխվի: Նա նաեւ չափազանց կարեւոր է համարում Վրաստանի դերը, որը դրական է եղել`25 տարի հաջողել են խուսանավել ՀՀ-Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում:

Հայաստանի եւ Թուրքիայի միջպետական հարաբերություններում, Դավիթ Շահնազարյանի գնահատմամբ, գուցե հետագայում միջնորդներ պետք չգան ու դա կլինի միակ ճանապարհը դեստրուկտիվ ՌԴ-ին բացառելու, քանի որ ՌԴ-ն մշտապես իր միջնորդական առաքելությամբ խանգարել է այդ հարաբերությունների կարգավորումը:

«Առաջնահերթ խնդիրը լարվածության թուլացման տանելն է. նախաձեռնությունն Անկարայում է»,- եզրափակեց դեսպանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930