Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Թուրք վերլուծաբանի խոստովանությունը

Սեպտեմբեր 08,2015 13:03

«Հայաստանի մշակույթից շատ բան մեզ հայտնի է: Շատ մզկիթներ Սինանի կողմից են կառուցվել, բայց նա իսլամ է ընդունել`պրակտիկ նպատակներով: Մենք շատ պարծենում ենք թուրքական դասական երաժշտությամբ, բայց լավագույն կոմպոզիտորները Օսմանյան ժամանակաշրջանում, հայ են եղել: Ուտելիքների մեջ էլ շատ նմանություններ կան: Հայաստանի մշակույթից շատ բան կարող եմ ասել, որ այսօր մաս են կազմում թուրքական մշակույթի»,- սեպտեմբերի 8-ին «Հայ-թուրքական հարաբերությունները Ցեղասպանության 100-ամյակի տարելիցից հետո. նշանակությունը, հիշողությունը եւ քաղաքականությունը» թեմայով քննարկման ժամանակ նման համեմատականներ անցկացրեց թուրք վերլուծաբան Օզգյուր Ունլուհիսարչիկլին: Քննարկումը կազմակերպել էին «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնը» եւ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակը:

Հայ-թուրքական հարաբերությունների հիմնական խոչընդոտը բանախոսը համարում է «1915 թվականի իրադարձություները» եւ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները`ԼՂՀ հարցի պրիզմայում: Մեծ հաշվով, որ այս հարցերում համաձայնության չենք գալիս, ըստ թուրք վերլուծաբանի, խնդիրն այն է, որ մենք իրար չենք ճանաչում. «Եթե ճանաչենք, միգուցե ժամանակի ընթացքում համաձայնության գանք նաեւ այդ հարցերի շուրջ»:

Խոսելով ներկայիս Թուրքիայի, այդ երկրում տիրող իրավիճակի մասին, բանախոսն ասաց, որ վերջին տասնամյակի ընթացքում ընտրությունները Թուրքիայում շատ կանխատեսելի էին դարձել. «Մի քանի կուսակցություններ մրցում էին, Էրդողանը հաղթում է: Մենք սովորել էինք դրան: Բայց այս ընտրությունները կարեւոր էին ոչ թե նրա համար, թե ո՞վ է կառավարելու, այլ ի՞նչ ռեժիմով է կառավարելու»: Էրդողանը, հայտնի է, ցանկանում է Թուրքիան նախագահական համակարգի փոխել: Թուրք փորձագետին զարմացնում է, որ ԱՄՆ-ում զարմանում են`ի՞նչ վատ բան կա դրանում: «Եթե Թուրքիան դառնա նախագահական, ավելի նման կդառնա ռուսական համակարգին, քան ամերիկյանին, որտեղ հավասարակշռումներ ու հակակշռումներ կան»,- ասաց նա`հավելելով, որ Էրդողանը գնաց ընտրությունների, ոչ միայն առաջին տեղ զբաղեցնելու, այլ նաեւ Սահմանադրությունը փոխելու: Բայց նրա ղեկավարած կուսակցությունը 367 տեղ էլ չստացավ, որպեսզի կարողանա Սահմանադրություն փոխել, թեպետ, ի հակասություն օրենքի, Էրդողանը ընտրողներին կոչ արեց 400 տեղ տալ իր կուսակցությանը:

seminar-6

«Ես կոալիցիոն կառավարությունների կողմնակից եմ ու դա լավ գաղափար կլիներ Թուրքիայի համար: Բայց Էրդողանն այլ նպատակ ուներ. բացարձակ իշխանության եւ իր ընկերներին ու ընտանիքի անդամներին դատարաններից պաշտպանելու համար Էրդողանին հարկավոր էր միանձնյա կառավարում: Դա էր հիմնական պատճառը, որ կոալիցիոն կառավարության ձեւավորումը տապալվեց»,- ասաց նա:

Թուրքիան պատրաստվում է նոր կամ վաղ ընտրությունների ու Էրդողանը ձգտում է մեծամասնության, այն դեպքում, երբ երեք ամիս առաջ չէր հաջողել: Էրդողանն, ըստ թուրք փորձագետի, հուսով է, որ վերջին զարգացումներից հետո`Իսլամական պետության հարձակումից հետո, թուրք ժողովուրդը կայունությունը կընտրի: «Ապացուցել հնարավոր չէ, բայց հիմքեր կան մտածելու, որ Թուրքիայի կառավարությունը անփութություն է թույլ տվել եւ արագ չի խոչընդոտել Իսլամական պետության հարձակմանը`քրդերի վրա»,- կասկած հայտնեց վերլուծաբանը հավելելով, որ նոր բռնությունների պատճառով, բոլոր քրդերը կքվեարկեն քրդական կուսակցության օգտին:

Նաեւ`Էրդողանի մտերիմների մասով կոռումպացվածության մասին հայտարարությունները հանրության մեջ կասկածներ են հարուցել, կառավարությունն էլ դատարաններին թույլ չի տվել նրանց հարցաքննության կանչել: Նաեւ երկրի տնտեսական վատ վիճակը`2007-ից մինչ այսօր միջինը 3,5 տոկոս աճ է կազմել ու հիմա, Թուրքիայի տնտեսությունն ավելի վատ վիճակում է, քան հունիսին էր: Այս հանգամանքները կատի ունենալով, վերլուծաբանը կարծում է, որ նոյեմբերին Էրդողանի կառավարությունը նորից մեծամասնություն չի հավաքի ու ստիպված կլինի կոալիցիոն կառավարման գնալ: Կոալիցիայի տեսակից էլ, ըստ բանախոսի, կախված կլինի Թուրքիայի հետագա ընթացքը: Նա չի բացառում, որ ձախակողմյանների գերակշռության պարագայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դրական հարթակ ստեղծվի:

«Թուրքիան ցանկանում էր զրո խնդիրներ ունենալ հարեւանների հետ, արդյունքում, որեւէ հարեւանի հետ հարաբերություններ չունի`Իրաք, Սիրիա, Եգիպտոս, Լիբիա, Իսրայել, Լիբանանը դժգոհություններ ունի, Հայաստանի մասին էլ չեմ խոսում, Վրաստանն էլ դժգոհ է Աբխազիայի եւ Օսեթիայի հետ կապված, Իրանի հետ նախկին հարաբերությունները չեն ու Թուրքիան շատ միայնակ է, այն դեպքում, երբ էկոհամակարգը մեր շուրջ քանդվում է»,- կարծում է թուրք վերլուծաբանը`հավելելով, որ Թուրքիային պետք է «պոզիտիվ քաղաքական օրակարգ» եւ ամենահեշտը դա կլիներ Հայաստանի պարագայում: «Հաջորդ անգամ, երբ կլինեն բանակցություններ, մենք պետք է ապակապակցենք հայ-թուրքական հարաբերությունները 1915 թվականի իրադարձություններից եւ Ադրբեջանի հետ հարաբերություններից: Ես գիտեմ, թե դա ինչ ցավոտ թեմա է ձեզ համար, արդար չի լինի ասել`դա թողնենք ապագային… Թուրքիան քսան տարի փակել է սահմանը, բայց ի՞նչ է շահել դրանից, ի՞նչ է Ադրբեջանը շահել: Կարծեմ`ոչինչ»,- ասաց Օզգյուր Ունլուհիսարչիկլին: Բանախոսը համագործակցության հիմք է տեսնում տնտեսական ոլորտում եւ միասին եվրոպային ինտեգրվելու հարցում:

«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը համամիտ է, որ այդ տարանջատումը պիտի լինի. «Միակողմանի քայլ պիտի լինի. Թուրքիան պիտի քայլ անի եւ բացի սահմանը: Հասկանում եմ, դժվար է, Թուրքիան բարդ, բազմաշերտ երկիր է, բայց կան շահեր, որ վեր են ԼՂՀ խնդրից: Ապակայունացում է գնում, բայց մենք ուզում ենք, որ Թուրքիան զարգացած եւ ուժեղ լինի»:

Ստեփան Գրիգորյանը նկատեց նաեւ, որ Թուրքիայում վերջին զարգացումները կամաց-կամաց կոտրում են հայերի մոտ ամրացած այն կարծրատիպը, որ Թուրքիան ամեն ինչ շատ ճիշտ է անում, ամեն ինչ լավ հաշվարկված է անում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930