Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առանց հաղթանակի է մոտենում «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի վերջնագծին: Մեր թիմը երկօրյա ընդմիջումով անցկացրած հերթական երկու հանդիպումներում վաստակեց 1 միավոր, որը ձեռք բերեց դանիացիների հետ երեկվա մրցավեճում:
Չնայած եվրոպական այս ընտրարշավից մեր ունեցած լուրջ ակնկալիքներին՝ հայ ֆուտբոլիստները շարունակում են հիասթափություն պարգեւել երկրպագուներին եւ թարմացնել հավաքականի հակառեկորդները: Մասնավորապես, սեպտեմբերի 7-ին նրանք կրկնեցին 1997 թվականի վատագույն ցուցանիշը՝ 11 խաղ առանց հաղթանակի: Բայց եթե այն ժամանակ մերոնք ունեին 5 ոչ-ոքի, 6 պարտություն, ապա այժմ այդ թվերը կազմում են համապատասխանաբար 2 եւ 9:
Իսկ այժմ փորձենք մանրամասնել մեր դիտարկումները Սերբիայի եւ Դանիայի հավաքականների հետ խաղերի վերաբերյալ: Արդեն անվիճելի է, որ Նովի Սադում Հայաստանի հավաքականն անցկացրեց իր պատմության վատագույն խաղերից մեկը: Բավական է նշել, որ մրցակցի դարպասը գրավելու միակ համեմատաբար նպաստավոր պահը հյուրերը ստեղծեցին խաղասկզբում: Իսկ մրցաշարային հեռանկարներից վաղուց զրկված սերբերը հանդես գալով փորձնական կազմով՝ շատ ավելի վառ տպավորություն թողեցին: Ճիշտ է, հաղթեցին միայն 2:0 հաշվով, բայց արդյունքը կարող էր ավելին լինել, եթե Սարգիս Հովսեփյանի սաներին երկու անգամ օգնության չհասներ դարպասաձողը:
Հիմնվելով մեր ֆուտբոլիստների պատրաստականության ու մարզավիճակի վերաբերյալ զուտ տեղեկատվական տվյալների վրա՝ կարող ենք ասել, որ այդ պարտությունը գերազանցապես մեր հավաքականի՝ մարզչական ասպարեզում տակավին անփորձ ղեկավար Ս. Հովսեփյանի խղճին է: Համենայնդեպս, անգամ եղած սուղ հնարավորությունների պարագայում մարզիչը կարող էր ավելի արդյունավետ լուծումներ գտնել կազմի ընտրության եւ մարտավարության հարցում:
Կարդացեք նաև
Ճիշտ է, նման հարցերում մարզչին, ինչպես ասում են, ավելի տեսանելի է, քանզի ցանկացած պարագայում նա ֆուտբոլասերներից եւ լրագրողներից ավելի շատ տեղեկություն ունի սաների մարզական որակների մասին, սակայն փորձը ցույց է տալիս, որ հավաքականի առանցքային խաղացող Հենրիկ Մխիթարյանին ավելի շատ քայքայիչ, քան ստեղծագործական գործառույթներ վստահելը հիմնականում հանգեցնում է թիմային անհաջողության: Դա կարծես շղթայում է հայ ֆուտբոլիստների խաղը, եւ արդյունքում ոչ դարպասն ենք կարողանում փրկել մրցակցի ոտնձգություններից, ոչ էլ ինքներս ենք սպառնալիք ստեղծում:
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում