Սակագների բարձրացմամբ, ըստ էության, ամբողջ տնտեսությունը հայտնվեց լրացուցիչ բեռան տակ։ Որքանո՞վ է այն ավելացրել գնաճը։
Անցած օրը վիճակագրական ծառայությունը հրապարակեց օգոստոս ամսվա գնաճի հաշվետվությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր սակագները գործողության մեջ են մտել օգոստոսի 1-ից, դրանում, ըստ էության, ներառված է նաեւ հոսանքի թանկացման ազդեցությունը։
Դատելով վիճծառայության հրապարակած տվյալներից՝ օգոստոսին Հայաստանում գնաճային ճնշումը մեծ չի եղել, թեեւ այն որոշակի ակտիվություն դրսեւորել է։ Նախորդ ամսվա համեմատ սպառողական ապրանքների գները բարձրացել են 0,1 տոկոսով։ Մի բան, որ պայմանավորված է պարենային ապրանքների 0,3 տոկոս թանկացմամբ։
Ընդամենը 0,1 տոկոս գնաճ է գրանցվել ծառայությունների շուկայում։ Վիճծառայության դիտարկումների համաձայն, ոչ պարենային ապրանքների ոլորտում գնաճը ոչ միայն չի ավելացել, այլեւ նույնիսկ նահանջել է։
Կարդացեք նաև
Օգոստոսին ալկոհոլային խմիչքների շուկայում գնաճային թույլ աճ է դիտարկվել։ Այն շատ ավելի զգալի է եղել ոչ ոգելիչ խմիչքների դեպքում։ Անցած ամսվա ընթացքում այս շուկայի ընդհանուր գնաճը գրեթե մոտենում է 3 տոկոսին։
Որքան էլ թվում էր, թե էլեկտրաէներգիայի թանկացման ազդեցությունը մի շարք այլ ոլորտների թվում մեծ է նաեւ թռչնարդյունաբերության մեջ, այնուհանդերձ օգոստոսին ձվի գինը Հայաստանում նվազել է։ Տարբերությունը հուլիսի համեմատ, երբ դեռեւս գործում էին հոսանքի նախկին սակագները, 5,5 տոկոս է։
Շաքարավազի գինը օգոստոսին նվազել է։ Կաթնամթերքի արտադրության ոլորտում եւս վիճծառայությունը գների բարձրացում չի գրանցել։ Ընդհակառակը, այստեղ օգոստոսին ոչ մեծ, բայց նույնիսկ գնանկում է եղել։ Էժանացել են պանրի որոշ տեսակներ։ Թթվասերի շուկայում, վիճծառայության դիտարկումների համաձայն, գները նվազել են 0,5, մածունինը՝ 0,4, կաթնաշոռինը՝ 0,3 տոկոսով։ Խտացրած կաթն էժանացել է 0,7 տոկոսով։
Ստացվում է, որ հոսանքի թանկացումը այս ապրանքային շուկաներում գնաճային ճնշումների չի հանգեցրել։ Դժվար է ասել, թե սա ինչով է պայմանավորված։ Չի բացառվում, որ հերթական անգամ գործել են նախկին ավանդական մեթոդները։ Խոսքը քաշի նվազեցման հաշվին գների բարձրացումից խուսափելու մասին է։
Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում