ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ամփոփելով ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ լսումների արդյունքները, նշեց, որ իրենց ընդդիմախոսների դիտարկումները չեն դիմանում քննադատության:
Այնուհետև հավաստիացրեց, որ, ըստ էության, կան դրույթներ, որոնց վերաբերյալ այս կամ այն չափով կա փոխհամաձայնության մոտեցում:
Գագիկ Մինասյանը նշեց, թե մի քանի խնդիրներ լսումներին բարձրաձայնվեցին և պարզ դարձավ, որ ոչ բոլոր մասնակիցներ են ծանոթ նախագծի արդեն փոփոխված տեքստին: Նա, մասնավորապես անդրադարձավ բարձրաձայնված այն հարցին, որ նոր ձևավորված խորհրդարանի նախագահը կարող է առաջարկել վարչապետի թեկնածու, ինչը չափազանց մեծ լիազորություններ են: Մինասյանը նշեց, թե, ըստ էության, հասկանալի է, որ խոսնակի լիազորությունն է մեծամասնության կարիքը ներկայացնելն է և ուստի որևէ քննադատության չի դիմանում:
Գագիկ Մինասյանը նկատեց, թե խելագարության կանխավարկածի նման բան է, եթե նախագահը խմբակցությունների առաջադրած թեկնածուն չներկայացնի, մեկ օր հետո դա կբացահայտվի, ինչի մասին շատ դեպքերում ընդդիմախոսներից մտահոգություններ են հնչում:
Կարդացեք նաև
Պարոն Մինասյանը ներկայացրեց նաև «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության մտահոգությունը, թե կարող եք ցույց տալ այն ճգնաժամային իրավիճակը, որը պարտադրում է սահմանադրության մեջ փոփոխություն իրականացնել ու ասաց. «Սա կարևոր հարցադրում է և սրա վերաբերյալ ասել եմ, որ իսկապես գործող կիսանախագահական համակարգն ունի այդ ճգնաժամը, որին ականատես եղել ենք և դրա մասին բազմիցս խոսել են մեր շատ ընդդիմախոսներ: Բայց խորհրդարանական համակարգը թույլ է տալիս առանց առճակատման վտանգի ամեն օր իշխանություն փոխել»:
Դառնալով ամուսնության հետ կապված խնդիրներին՝ Գագիկ Մինասյանն ասաց, որ նոր Սահմանադրությամբ իրենք ավելի են խստացրել այս հարցը: Հին տարբերակում չկա միմյանց բառը, որ տղամարդն ու կինը միմյանց հետ կարող են ամուսնանալ, իսկ նոր տարբերակում ավելացված է միմյանց բառը: Բազմացում բառը, որի հետ կապված մտահոգություններ հնչեցին՝, փոխարինվել է սերնդափոխություն բառով:
Դառնալով երկրորդ փուլի մասին հնչած մտահոգություններին՝ պարոն Մինասյանը ասաց. «Եթե որևէ ուժ մեծ չի ստանում մեծամասնություն առաջին փուլից հետո, ապա առաջին փուլը հաղթահարած քաղաքական ուժերը կարող են ստեղծել կոալիցիա և ստանալ մեծամասնություն և ամեն ինչ կարող է ավարտվել առաջին փուլով: Այստեղ չկա որևէ սահմանափակում: Հակառակ դեպքում խորհրդարանը կարող է առաջադրել երկրորդ փուլ իր ընտրական օրենսգրքով: Ձեռք է բերվել ոսկե միջինը: Երկրորդ փուլի կարող են մասնակցել առաջինը հաղթահարած կուսակցությունները և արդեն նոր միավորումներ ձեռք բերած»:
Պատասխանելով այն հարցին, թե էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, որ քաղաքական գործընթացները անցնելու են Մելիք-Ադամյան փողոցով, արդյոք սա չի՞ նշանակում, որ սահմանադրությունը փոխվում է հենց իշխանության պահպանման նպատակով, պարոն Մինասյանը պատասխանեց. «Նա ՀՀԿ-ի խոսնակն է և ինքը գտնում է, որ իր կուսակցությունը կարող է տևական ժամանակ ապահովել երկրի զարգացումը: Այն նույնը կարող են ասել այլ կուսակցությունների խոսնակներ, սակայն ի տարբերություն՝ մերը՝ հիմնավոր է, նրանցը՝ ոչ այնքան»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ