Քաղաքագետ Արամ Մանուկյանի համոզմամբ, սահմանային լարվածության վերաբերյալ ՌԴ-ն առաջիկա օրերին կհստակեցնի իր դիրքորոշումը:
Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում նա ասաց, որ դեռ երեկ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանն էր սպասում սահմանի միջադեպերի մասին Պուտինի հայտարարությանը, բայց նա չշտապեց անդրադառնալ, ինչը խոսում է Ռուսաստանի զգուշավոր քաղաքականության մասին:
«Կարեւոր էր, որ Պուտինն արտահայտեր իր դիրքորոշումը երեկ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, բայց չարեց, որովհետեւԿովկասում զգուշավոր քաղաքականություն է վարում՝ փորձելով պաշտպանել դաշնակից Հայաստանին՝ միաժամանակ չփչացնելով հարաբերութունները Ադրբեջանի հետ: Բայց ՌԴ-ն պետք է փորձի ավելի ակտիվ ներգրավվել տարածաշրջանում, որովհետեւ այս պահին ՌԴ-ին շահեկան չի լինի, եթե Հարավային Կովկասում լայնամասշտաբ պատերազմ սկսվի»:
Նա ասաց, որ նախագահների երեկվա հանդիպմանն ակնհայտ էր, որ հայ-ռուսական հարաբերություններն ավելի սերտ են, քան ռուս-ադրբեջանականը. «Ավելի հավանական է, որ հայերի օգտին կլինի Ռուսաստանի դիրքորոշումը: Երեկ հնչեցված հայտարարությունը, թե սահմանային լարվածության մասին պետք է բարձրաձայնել ՀԱՊԿ-ի նստաշրջանի ժամանակ համաձայնեցված էր ռուսական կողմի հետ:
Կարդացեք նաև
Պետք է ակնկալել, որ Ղազախստանը կփորձի ադրբեջանամետ դիրքորոշում ցուցաբերել, բայց նախագահների մակարդակով բարձրաձայնված խոսքը էական նշանակություն ունի, ՀԱՊԿ-ը փորձելու է ներգրավվել»:
Քաղաքագետը կարծում է, որ մեկ շաբաթից ՀԱՊԿ-ի նստաշրջանում ՌԴ-ն ոչ միայն կկոնկրետացնի իր դիրքորոշումը սահմանային լարվածության վերաբերյալ, այլեւ կփորձի թույլ չտալ, որ մոտ ժամանակներս այդ լարվածությունը վերաճի լայնամասշտաբ պատերազմի. «Եթե Ադրբեջանը փոքր համոզվածություն ունենար, որ հաջողությունների կհասնի, արդեն սկսած կլիներ պատերազմը: ԼՂՀ հակամարտությունը ԱՄՆ-ի, եվրոպական երկրների ու տարածաշրջանային մյուս երկրների շահերի դիտակետում է»:
Նա ձեռքբերում համարեց նաեւ Հայաստանին ռուսական կողմի երեկ տրամադրած արտոնյալ պայմաններով սպառազինման համար նախատեսված վարկը. «Դա այն պարագայում է արվում, երբ ՌԴ տնտեսությունը բավականին բարդ իրավիճակում է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ