Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները չարաշահել են պաշտոնեական լիազորությունները և պաշտոնեական կեղծիք կատարել. հարուցվել է քրեական գործ

Սեպտեմբեր 08,2015 11:55

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2015թ. փետրվարի 21-ին՝ ժամը 02:50-ից 02:55-ն ընկած ժամանակահատվածում, Հասմիկ Օ.-ն գիշերային ակումբում տեղի ունեցած խմբակային վիճաբանության և ծեծկռտուքի մասին մի քանի անգամ ահազանգել է ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին: Ոստիկանության աշխատակիցներն, ահազանգի վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում, անձնական այլ դրդումներով, ոստիկանության հիշյալ բաժնի պետին ուղղված զեկուցագրում և տրված ամփոփագրում ահազանգի ժամի և բովանդակության վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ են մտցրել, թե, իբր, Հասմիկ Օ.-ն ոստիկանություն է ահազանգել 2015թ. փետրվարի 21-ին՝ ժամը 03:45-ին, և հայտնել, որ գիշերային ակումբի դիմաց վնասել են իր ավտոմեքենան: Այնուհետև  տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի, դրա արդյունքում մեքենան վնասվելու վերաբերյալ հաղորդում ընդունելու փոխարեն, Հասմիկ Օ.-ից ոստիկանության ծառայողները վերցրել են միայն չպարզված անձանց կողմից ավտոմեքենան վնասելու վերաբերյալ հաղորդում:

Բացի այդ, դեպքի վայրի զննության մասին նույն գիշերը կազմված արձանագրության մեջ ոստիկանները մտցրել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Դրանից բացի, տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ դեպքի օրը՝ երեկոյան, ոստիկանության աշխատակիցները գիշերային ակումբում դիտել են ակումբում տեղադրված տեսախցիկների՝ դեպքի ժամանակահատվածի տեսագրությունները, սակայն, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, ծառայողական պարտականությունները չեն կատարել, միջոցներ չեն ձեռնարկել տեսագրությունները ստանալու և պահպանելու ուղղությամբ, իսկ դրանց ինքնաբերաբար ջնջվելուց հետո, կազմել են տեսանյութի պահպանված չլինելու վերաբերյալ արձանագրություն, որից հետո Հասմիկ Օ.-ից վերցված բացատրության մեջ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են ներառել:

ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930