Օգոստոսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հայտարարել էր, որ ինքը սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չի տեսնում։ Իսագուլյանը հավաստիացրել էր, որ դրանով փորձ է արվում նաեւ շփոթության մեջ գցել Սերժ Սարգսյանին՝ հավելելով, որ նամակով դիմելու է երկրի նախագահին եւ հանդիպում խնդրելու նրանից։ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Գ. Իսագուլյանն արդեն դիմել է Ս. Սարգսյանին, սակայն որեւէ արձագանք չի ստացել։
– Սերժ Սարգսյանը Ձեր կուսակցության հետ հանդիպման ցանկություն չի հայտնել, գուցե Դուք անձնական խնդիրնե՞ր ունեք Ս. Սարգսյանի հետ, որ այդպես էլ չի ցանկանում հանդիպում ունենալ Ձեզ հետ։
– Շատ կարեւոր է հետեւյալ հանգամանքը՝ ես իմ բոլոր ելույթներում ասել եմ, որ կան հարցեր, որ անձնական փոխհարաբերությունները որեւէ նշանակություն չունեն։ Ու մենք, երբ որ քննարկում ենք պետական եւ ազգային նշանակություն ունեցող հարցեր, պարտավոր ենք վեր կանգնել մեր անձնական խնդիրներից ու մասնակցել այդ հարցերի քննարկմանը։
Շատ քչերը կարող են ասել, որ իրենք բավականին երկար ժամանակ աշխատել են Սերժ Սարգսյանի հետ ու ունեցել են բավականին լավ հարաբերություններ ու ունեն այդ հարաբերությունները մինչեւ հիմա։ Մեր անձնական հարաբերություններում երբեւէ որեւէ խնդիր չի եղել, ու ես կարող եմ դասվել այն 10 մարդկանց շարքում, ովքեր ամենաջերմ ու լավ հարաբերությունների մեջ են եղել նախագահ Սերժ Սարգսյանի հետ մինչեւ նախագահ դառնալը եւ նախագահ դառնալուց հետո։
Կարդացեք նաև
Անձնական խնդիր չի կարող լինել, միաժամանակ ես չեմ էլ թաքցնում, որ ես այն մարդն եմ եղել, ով ցանկացած հարցի վերաբերյալ, նաեւ ընդհանուր խորհրդակցությունների ժամանակ, առանց մտավախության, հստակ հայտնել է իր տեսակետները, որոնց նախագահը համաձայն չի եղել։
Բայց ես երբեւէ ինձ թույլ չեմ տվել որեւէ հարցի հետ կապված ասել տեսակետ, որը կարող է հաճելի լինել, ցանկալի լինել… գուցե ես նաեւ այն միակ մարդն եմ, ով նայել է մարդու աչքերի մեջ ու շատ հարցերում ասել է, որ սա ճիշտ չի, որ սա անելը կունենա վատ հետեւանքներ:
Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում