Մեր հասարակությունն այսօր որպես օտար լեզու, մեծավ մասամբ, գերադասում է անգլերենն ու ամեն տեսակ ճնշման են ենթարկում տնօրեններին, որոնք էլ աշակերտ չկորցնելու համար, տեղի են տալիս ու աստիճանաբար ֆրանսերենն ու գերմաներենն իրենց տեղը զիճում են անգլերենին:
Կրթության նախարարությունն ու Երևանի կրթության վարչությունը, չնայած նախարարի կոշտ հորդորին, որ այդպես չի կարելի, չեն կարողանում այս մտածելակերպը փոխել: Հատկապես ֆրանսերենի դեպքում զարմանալի է քաղաքապետարանի լուռ համաձայնությունն այն դեպքերում, երբ ծնողների ճնշման տակ որոշ դպրոցներում ֆրանսերենն աստիճանաբար դուրս է մղվում: Եվ սա այն դեպքում, երբ Երևանն ընդգրկված լինելով ֆրանկոֆոն քաղաքների ցանկում, հոկտեմբերին այստեղ հյուրընկալելու է միջազգային համաժողով, որը ենթադրում է, որ պետք է ներկայացվի այս ուղղությամբ Երևանի դպրոցներում ֆրանսերենը, որպես օտար լեզու, տարածելու ուղղությամբ կատարված աշխատանքները:
Մեր ծնողներին պետք է հստակ ասվի, որ Հայաստանի բուհերն այսօր շատ սերտ համագործակցում են Եվրոպայի բազմաթիվ երկրների բուհերի հետ, որտեղ լեզուն ֆրանսերենն ու գերմաներենն է: Մեր և եվրոպական բուհերի միջև իրականացվող բազմաթիվ ծրագրերի շնորհիվ այդ օտար լեզուներին տիրապետող շատ երիտասարդներ իրենց մասնագիտությունների մեջ հմտանալու և կատարելագործվելու հնարավորություններ են ունենում Եվրոպայում: Հատկապես Գերմանիայում, որտեղ բուհական կրթությունն արդեն անվճար է բոլորի համար:
Յուրաքանչյուր դպրոցում, ստեղծման պահից նախարարության որոշմամբ է դասավանդվում առաջին օտար լեզուն,ինչպես օրինակ, Շենգավիթում,իսկ երկրորդ օտար լեզուն մանկավարժական խորհրդի որոշմամբ կարող է դասավանդվել 5-րդ դասարանից:
Կարդացեք նաև
Հարգելի ծնողներ, խնդրում եմ, մի՛ միջամտեք դպրոցում օտար լեզվի ընտրության գործընթացին , դա դպրոցի ներքին խնդիրն է:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
Խմբակցության անդամ