Վարդան Պետրոսյանը որպես պրոդյուսեր աշխատելու է «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնում։ Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց կենտրոնի տնօրեն Տիգրան Գրիգորյանը։ «Մենք գիտեինք, որ բաց տիպի ռեժիմի համար Վարդան Պետրոսյանին աշխատանք է հարկավոր։ Ինքը մեզ շատ մտերիմ, շատ լավ մարդ է, իր գործի մեջ պրոֆեսիոնալ, մենք էլ որոշեցինք իրեն ընդգրկել մեր գործունեության մեջ։ Վարդան Պետրոսյանը աշխատանքի կանցնի այն ժամանակ, երբ որ բոլոր փաստաթղթերը կլինեն։ Մեր գործը կոնկրետ ժամ չունի, ազատ գրաֆիկ է, այնպես որ՝ որեւէ խնդիր չկա։ Շաբաթվա մեջ ինքը, ինչպես մյուս բոլոր աշխատակիցները, կունենա երկու հանգստյան օր»,- մանրամասնեց «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնի տնօրենը։
Ի պատասխան հարցի՝ Տիգրան Գրիգորյանն ասաց, որ իրենց կենտրոնը գործում է 12 տարի. «Երկար պատմություն ունի, ամենաքիչը տասներկու տարի։ Ամեն դեպքում Վարդան Պետրոսյանը պետք է որոշի՝ կցանկանա մեզ հետ աշխատել, թե՝ ոչ, մենք պայմանագիրը կնքել ենք։ Ինչպես գիտեք, Տիկնիկային թատրոնից նույնպես աշխատանքի հրավեր եղել է: Հիմա, թե նա կընտրի մեզ հետ աշխատելը, թե՝ թատրոնում, դեռ չգիտենք»,- եզրափակեց Գրիգորյանը։
Տուժողների եւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը մեր հարցին ի պատասխան ասաց. «Մենք իր աշխատանքի անցնելու հարցով որեւէ վերաբերմունք չունենք, դա օրենքով կարգավորվում է։ Օրենքն ասում է, որ անզգույշ հանցագործություն կատարած անձն իրավունք ունի պատիժը կրել ազատ ռեժիմով, մենք էլ ի՞նչ ասենք։ Իհարկե, տուժող կողմի երեխաների ծնողներին, բնականաբար, դուր չի գա, որովհետեւ չհարթված խնդիրներ կան, եթե հարթվեր, Վարդան Պետրոսյանը դեռ անցած տարի ամառը այս ռեժիմով կկրեր իր պատիժը։ Այսինքն՝ դատաքննությունը արագ կավարտվեր, եւ ինքը այս նույն ռեժիմով մեկ տարի առաջ կարող էր դուրս գալ եւ աշխատել։ Իր զրույցներից (Վարդան Պետրոսյանի) ես զգացի, որ սա բեռ է, որը նստած է իր հոգու վրա։ Ես հաստատ համոզված եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է փորձի այդ բեռը հանի իր վրայից։ Եթե ինքը մեղքը ընդուներ, եթե այլ խնդիրներ չլինեին իրար մեջ, այս դատը արագ կավարտվեր, մենք բողոքներ չէինք ներկայացնի ո՛չ վերաքննիչ, ո՛չ վճռաբեկ դատարան, եւ ինքը անցած տարվա ամառվանից կգտնվեր դրսում՝ կաշխատեր եւ երեկոյան կգնար ՔԿՀ՝ պատիժը կրելու»։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում