Ոչ մի կասկած չկա, որ Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Սարգսյան հանդիպումը այսբերգ է, որի հայտարարված մասը լինելու է ավելի քիչ, և որի առանցքային բովանդակությունը մնալու է ժամանակի համար ու կդրսևորվի տարբեր ասպեկտներով և առիթներով, երբ շատ դժվար կլինի անգամ պատկերացնել, որ դա կապ ունի հենց սեպտեմբերի 7-ի հանդիպման հետ:
Այս տեսանկյունից, իրավիճակը հասկանալու համար երևի թե առավել օգտակար կարող են լինել ոչ թե հանդիպման շուրջ, այսպես ասած, հրապարակված հանգամանքների դիտարկումները, որքան ընդհանուր մթնոլորտը, որում տեղի ունեցավ այդ հանդիպումը: Եվ այս տեսանկյունից, հանդիպումը ռազմավարական առումով Հայաստանի համար չէր կարող որևէ շահեկան նշանակություն ունենալ, քանի որ եթե անգամ հանդիպման արդյունքում Ռուսաստանը Հայաստանին որևէ անվտանգության կամ նույնիսկ տնտեսական օժանդակություն է խոստացել, ապա կասկածից վեր է, որ դրա համար Հայաստանը վճարել է բավական բարձր գին, պարզապես դեռևս հայտնի չէ, թե ինչքան է այդ գինն ամբողջությամբ:
Խնդիրն այն է, որ Սարգսյան-Պուտին հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի համար ոչ այնքան հարմար ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը աննախադեպ ծավալի խաղաղ բնակավայրեր է սկսել հրետակոծել Տավուշի մարզում: Այսինքն՝ Սերժ Սարգսյանին կա՛մ ստիպել են ընդունել Պուտինի հրավերը, կա՛մ ստիպել են Պուտինից ընդունելություն հայցել: Այսինքն՝ բոլոր դեպքերում հայկական կողմին դրել են խնդրարկուի կարգավիճակում:
Հետևաբար՝ եթե, օրինակ, սահմանին հանգստության առումով հանդիպումը կարող էր բարեբեր նշանակություն ունենալ Հայաստանի համար, մասնավորապես տավուշցիների համար, ապա այս ազդեցությունը ողջունելով հանդերձ, մտավախությունը, մեղմ ասած, առկա է առ այն, որ այդ հանդարտությունն ընդամենը ժամանակավոր է՝ մինչև որ ռուս-ադրբեջանական խաղում ի հայտ կգան նոր իրողություններ, և կրկին կարիք կլինի պայմանավորվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության հաշվին:
Կարդացեք նաև
Այստեղ է խնդիրը, այսինքն՝ իրավիճակի ռազմավարական հեռանկարների հետ, և եթե անգամ Սերժ Սարգսյանին Մոսկվայում հաջողվել է ինչ-որ տակտիկական համաձայնություններ ձեռք բերել, ապա ռազմավարական իմաստով Հայաստանը շարունակում է կորցնել, որովհետև տակտիկական համաձայնությունները ձեռք են բերվում Ռուսաստանի առաջ նորանոր պարտավորություններ կուտակելու գնով՝ կլինեն դրանք բարոյական, քաղաքական, նյութական, թե այլ կարգի պարտավորություններ:
Արամ Ամատունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում