Սանկտ-Պետերբուրգի «Իմա-Պրինտ» եւ Երեւանի «Անտարես» հրատարակչությունների համագործակցությամբ լույս է տեսել Լեւոն Տեր-Պետրոսյանի «Հայ-ասորական գրական կապերը IV–V դարերում. Դոկտորական ատենախոսության պաշտպանության նյութեր» ռուսերեն գիրքը, որը կազմել եւ հրատարակության է պատրաստել ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։ Այն նվիրված է ասորագետ-բյուզանդագետ, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Նինա Պիգուլեւսկայայի (1894–1970) եւ հայագետ-պատմաբան, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Լեւոն Խաչիկյանի (1918–1982) հիշատակին, որոնց Լ. Տեր-Պետրոսյանը համարում է իր ուսուցիչները։
Դոկտորական ատենախոսությունը Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտպանել է 1987թ. փետրվարի 26-ին Լենինգրադի պետական համալսարանի Д–063.57.38 Մասնագիտացված գիտական խորհրդի նիստում։ Խորհրդի նախագահ՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (հետագայում ԽՍՀՄ եւ Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս) Միխաիլ Բոգոլյուբով, պաշտոնական ընդդիմախոսներ՝ իրանագետ-գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Բոլդիրեւ, եբրայագետ-սեմագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Կլավդիա Ստարկովա, բյուզանդագետ-հայագետ, պատմական գիտությունների դոկտոր Կարեն Յուզբաշյան։
Ինչպես նշված է կազմողի առաջաբանում, իր տեսակի մեջ արտասովոր այս գրքի հրատարակության անհրաժեշտությունը թելադրված է երկու կարեւոր հանգամանքով։
Նախ եւ առաջ, այն կոչված է թեկուզ մասամբ բավարարելու գիտական հասարակայնության, ավելի կոնկրետ, Քրիստոնյա Արեւելքի մշակութային ժառանգության հետազոտողների պահանջը՝ ծանոթանալու Տեր-Պետրոսյանի ատենախոսության արդյունքներին, որը դեռեւս 1987 թվականին վերոհիշյալ գիտխորհրդի կողմից հրատարակության հանձնարարված լինելով հանդերձ, պետական եւ քաղաքական գործերով հեղինակի զբաղվածության պատճառով, այդպես էլ, մինչ օրս մնում է անտիպ։
Եւ երկրորդ, պաշտոնական ընդդիմախոսների եւ մյուս նշանավոր արեւելագետների կարծիքներն ու գրախոսությունները, բացի իրենց ուղղակի գործառույթից, այն է՝ ատենախոսության գնահատականից, շոշափելով նաեւ պատմագիտական եւ մշակութաբանական բնույթի բազմաթիվ ընդհանուր խնդիրներ, ձեռք են բերում որոշակի ինքնուրույն արժեք, ինչի շնորհիվ հետաքրքրություն կարող են ներկայացնել ավելի լայն շրջանակի մասնագետների համար։
Լ. Տեր-Պետրոսյանի ատենախոսությունն, իր իսկ խոստովանությամբ, ըստ էության նվիրված է հայագիտության համար մեծ կարեւորություն ներկայացնող մի խնդրի, որի ուսումնասիրման անհրաժեշտությունը դեռեւս ժամանակներ առաջ մատնանշել ու ընդգծել են մեծանուն գիտնականներ Նիկողայոս Մառը եւ Հրաչյա Աճառյանը։ Ինչպես իր դոկտորական ատենախոսության ներածական ճառում, XIX դ. վերջին, նշել է Ն. Մառը, «Մեզ անհրաժեշտ է հին հայերեն թարգմանությունների մի գործնական պատմություն՝ այն ուղիների մատնանշմամբ, որոնց միջոցով դրանք թափանցել են Հայաստան, այն պայմանների պարզաբանմամբ, որոնք նպաստել են այդպիսի, եւ ոչ թե այլ ընտրություն կատարելու, եւ այն կարիքների, որոնք դրանք կոչված էին բավարարելու։ Երեք գրական հոսանքներ՝ ասորական, բյուզանդա-հելլենիստական եւ ազգային, որոնք հայ հին գրականության զարգացման երեք շրջափուլերն են ներկայացնում, պետք է իրենց առաջնային հիմնավորումն ստանան հայկական թարգմանական հուշարձանների նման տիպի հետազոտման առումով։ Ամենահին՝ ասորական հոսանքն իրենից ներկայացնում է ամենադժվարալուծելի խնդիրը»։ Իսկ Հ. Աճառյանը, 1940 թվականին հրատարակած իր «Հայոց լեզվի պատմության» առաջին հատորում, ասորերենից կատարված հայերեն բառական փոխառությունների լիակատար ցանկը ներկայացնելուց հետո, թողել է հետեւյալ կարեւոր գրառումը. «Հայերենը անշուշտ ստացել է ասորերենից նաեւ ոճական ձեւեր, բայց այս մասին մի առանձին ուսումնասիրություն չունինք տակավին»։
Աշոտ Սարգսյան
Նյութի մանրամասները կարդացեք ilur.am-ի կայքում