Հարց է ծագում, թե արդյոք ճի՞շտ է դասագրքաստեղծ խմբերի ընդգրկմամբ հրատարակչությունների միջեւ անցկացվող մրցույթների պրակտիկան։ Ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե իր հետեւանքներով այս կարեւորագույն գործի կազմակերպումն իր ձեռքը վերցներ պետությունը։ Դասագրքեր գրող խմբերի միջեւ մրցույթ անցկացնելու փոխարեն լիազոր մարմինը կարող էր գործը կազմակերպել պետպատվերի ձեւով։ Այդ դեպքում համապատասխան լիազոր մարմինը կձեւավորեր դասագրքեր գրող խմբեր՝ ներգրավելով դրանցում եւ առարկայի մասնագետների, եւ մանկավարժների, եւ մանկավարժ-հոգեբանների, եւ ձեւավորող նկարիչների, եւ գործընթացի ամբողջականությունն ապահովող այլ մասնագետների։
Իսկ հրատարակչությունների ու տպարանների միջեւ կարելի էր մրցույթ անցկացնել՝ ըստ տեխնիկական բաղադրիչների լավագույն որակի գիրք տպագրելու համար։
Հայ երեխային պետք է հասնի ոչ թե մրցույթ շահած դասագիրք, այլ վերեւից իջեցված պահանջներին համապատասխանող դասագրքի հնարավոր լավագույն տարբերակը։
Ցավով պետք է փաստել, որ մտավոր որակներով հպարտացող հայերս կրթական գործընթացի շատ կողմերով այսօր զիջում ենք անգամ մեր հարեւաններին։ Էլ չխոսենք զարգացած երկրների մասին, ուր բոլորից առաջ անցնելու նպատակադրմամբ հսկայական ֆինանսական եւ այլ ներուժ է ներդրվում ոլորտի զարգացման մեջ։ Հետեւաբար, այս ոլորտի նկատմամբ պետք է ուշադրություն սեւեռվի առաջնահերթության ու գերակայության սկզբունքով։
Կարդացեք նաև
Մենք, ըստ էության, դասագրքաստեղծ ամբողջ գործընթացում լուրջ խնդիր ունենք՝ դասագրքերի բովանդակությունից մինչեւ փորձաքննություն։ Մենք պետք է դասագիրքը չմտցնենք դպրոց, եթե այն մասնագիտական, մանկավարժների կողմից փորձաքննություն չի անցել։
Դասագրքերի խնդիրը մեզանում պարբերաբար շոշափվող հարցերից է։ Տպավորությունը, սակայն, այնպիսին է, թե խոսողներն արտահայտվում են իրենց համար, եւ դա այլոց չի վերաբերում։ Այնինչ, հնչող ահազանգերն ակնհայտ են դարձնում գործընթացին առնչվող մի շարք արատներ, որոնց վերացումը չի կարելի այլ հարցերի հետ միասին թողնել ժամանակներին։ Պետությունն իրավունք չունի, այլ ոլորտների պես, կրթության բնագավառում էլ սահմանազատել սեփականաշնորհված տարածքներ եւ ձեռքերը լվանալով՝ կողմ քաշվել։ Կրթությունը բիզնես ոլորտ պետք է չլինի…
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում