Այնպիսի տպավորություն է, որ Լաս-Վեգասում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մրցավարները, մեղմ ասած, այնքան էլ բարյացակամ չէին մեր 66 կգ քաշային Միհրան Հարությունյանի նկատմամբ:
Սկսած որակավորման փուլից հայ ըմբիշը տպավորիչ հաղթանակներով հասավ մինչեւ կիսաեզրափակիչ, որտեղ հանդիպեց կորեացի Հանսու Ռիուի հետ: Նրանց գոտեմարտն ընթացավ համառ ու հավասար պայքարում, սակայն մրցավարները ակնհայտորեն «համակրում» էին կորեացուն: Նրանք միավորներով հաղթող հայ ըմբիշին անհասկանալի կերպով երկու նախազգուշացում հայտարարեցին ու լուսատախտակի վրա հայտնվեց 4:4 հաշիվը: Ու քանի որ ըստ կարգի հավասար միավորների դեպքում հաղթանակը շնորհվում է վերջին միավորները վաստակած ըմբշին, մրցավայրը բարձրացրեց կորեացու ձեռքը:
Բայց դա դեռ ոչինչ: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցավարները շարունակեցին իրենց գործը ու սցենարը կրկնվեց: Գորգի մրցավայրն անընդհատ դիտողություններ անելով ու նախազգուշացումներով կաշկանդում էին հայ ըմբիշի գործողությունները ու ի վերջո կողայինների հետ «համագործակցելով»՝ նրան զրկեց մեդալից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ