Եթե դուք ուզում եք իմանալ, թե որքանով է «ռեժիմը», այսպես ասած, «խուճապի մեջ», դուք կարող եք հետեւել, թե ինչպես են իշխանամետ գործիչներն ու լրատվամիջոցներն արձագանքում առաջին կամ երկրորդ նախագահի հարցազրույցներին: Եթե արձագանքը սուր է, հակադարձումները` բազմաթիվ եւ կոշտ, ուրեմն որոշակի տագնապ կա: Եթե նշված շրջանակներում այդ հարցազրույցներն առանձին հետաքրքրություն չեն առաջացնում, ինչպես տվյալ դեպքում է, նշանակում է անհանգստությունը մեծ չէ:
Նախկին նախագահները, որքան էլ տարբեր լինեն եւ որքան էլ անհամաձայնություններ ունենան, ունեն որոշակի նմանություններ: Օրինակ՝ իրենց հարցազրույցներում հիշատակում են Դարոն Աճեմօղլուի եւ Ջեյմս Ռոբինսոնի «Why nations fail» գիրքը` հավանաբար, ցույց տալու համար, որ իրենց իշխանության օրոք մենք «failed» (ձախողված, տապալված) չէինք, իսկ հիմա` ենք: Նորմալ է, մարդկային է: Եթե վաղը որեւէ մեկը դառնա «Առավոտ» թերթի խմբագիր, ապա շատ հավանական է, որ մի քանի տարի լռելուց հետո ես էլ կսկսեմ հարցազրույցներ տալ` հիշեցնելու համար, թե որքան լավ էի ղեկավարում թերթը եւ ինչպես էր այն փթթում իմ հմուտ ղեկավարության օրոք:
Բայց ես բոլոր մարդկանց վարքում եւ խոսքերում հակված եմ փնտրել առողջը, դրականը, բանական հատիկը: Մանավանդ, եթե խոսքն այն մարդկանց մասին է, որոնք պատիվ են ունեցել կամ ունեն ղեկավարելու իմ պետությունը: Փնովելը, հարձակվելը, «մեղքեր հիշեցնելը» կա ու կա, եւ լրատվական դաշտի մեծ մասը դա կանի ավելի լավ, քան ես: Իհարկե, զուսպ քննադատությունն անհրաժեշտ է, բայց պետք է գտնել նաեւ կառուցողական մտքեր:
Մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանին վերջերս տված հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Հայաստանում իրավիճակը շտկելու համար պետք է «որոշումների ստանդարտ մի փաթեթ, որոնց Հայաստանի պայմաններում շատ հաճախ անհրաժեշտ է լինում հասնել ոչ ստանդարտ մեթոդներով»: Այդ մտքի հետ դժվար է չհամաձայնել:
Կարդացեք նաև
Իսկապես, անկախ Հայաստանի 25 տարին «ստանդարտ մեթոդների» պատմություն է: «Ստանդարտը» կայանում է նրանում, որ լկտիությամբ, զոռբայությամբ, ցինիզմով, բռնություններով հնարավոր է հասնել որոշակի արդյունքների: Այդ «ստանդարտի» հեղինակներն, իհարկե, իշխանություններն են, բայց քանի որ «պարզունակ գիտակցության» տեսանկյունից դա «արդյունավետ ճանապարհ է», նման մտածողությունը դարձել է լայն զանգվածների հոգեբանության սեփականությունը: Նրանք, ովքեր այլ արժեքներով են առաջնորդվում, կա՛մ թուլամորթ են, կա՛մ անկապ երազողներ են, կա՛մ էլ պարզապես ձեւեր են թափում:
Գուցե հենց ա՞յդ մտածողության պատճառով են ազգերն եւ պետությունները ձախողվում:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ոսկեբազուկը Ոսկեգրիչն ու Ոսկեքսակը իրար թիկունք լինելով Ոսկեպետություն են կառուցում ու Ոսկեազգ դաստիարակում:
https://youtu.be/pwzvetnKgzk
Որևէ մեկը կասկածի տակ չի դնում նախորդ «նախագահների» ինտելեկտը, կասկածի տակ են նրանց՝ իշխանություն իրականացման ՆՊԱՏԱԿԸ (հետևաբար և՝ իշխանություն իրականացնելու նպատակով՝ նրանց ստեղծած կառավարման տրամաբանությունը, սխեմաները, իրենց տնօրինության տակ եղած ռեսուրսների (ֆինանսական և մարդկային) օգտագործումը)։
Նախորդ և ներկա «նախագահները»՝ պատիվ ունեցել են, կամ ունեն՝ ղեկավարելու ՔՈ պետությունը։ Միայն թե այդ պատիվը քեզանից (ԸՆՏՐՈՂԻՑԴ) չէ, որ ստացել են։ Հետևաբար՝ նրանց ՊԱՏԻՎԸ՝ քո ԱՆՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ է որպես քաղաքացի։ Որպես խելացի և գիտակից ՀՊԱՏԱԿ՝՝ հնարավոր է՝ նաև քո պատիվն էլ է… չգիտեմ, դու կիմանաս…
Ներեցեք, չէիք նշի /հղումով/ Ռ.Քեշոչարյանի հարցազորւյցը: Չեմ կարող գտնել:Լ
ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԱԶԳԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ
Ընկերոջիցս մի նամակ ստացա՝ գրքով հիացած առաջարկում է կարդալ՝ Դ. Աջեմօղլու եւ Ջ. Ռոբինսոնի. «Ինչու են ազգերը ձախողվում» ծավալուն աշխատությունը։
Իհարկե՛ ես կարդացել եմ այդ աշխատությունը։ Վստահ եմ, շատերն են տեղյակ գրքի բովանդակությանը, որը, եթե հակիրճ՝ դա «ինստիտուցիոնալիզմի» գաղափարն է։ Այսինքն՝ տնտեսական եւ քաղաքական ինստիտուտների չկայացված վիճակը խանգարում է երկրի զարգացմանը, իսկ՝ այ եթե դրանք կայանան, երկրները մեծ թափով առաջ կընթանան։ Կարծում եմ աշխատությամբ խանդավառված է ոչ միայն իմ ընկերը, այլ նաեւ երրորդ երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի, քաղաքական ու հասարակական գործիչները։ Կարելի է ենթադրել, որ այս աշխատության «բոցաշունչ» գաղափարներից է ծնվել, օրինակ հարգարժան Ն. Փաշինյանի «Ինստիտուցիոնալ ընդիմության» գաղափարը՝ կապելով այն. «20 տարում Հայաստանի բնակչությունը կկրկնապատկենք մեծ հայրենադարձությամբ»՝ «աննախադեպ» ու «ֆանտաստիկ» նպատակի հետ։
Գոնե ինձ համար ակնհայտ է, որ խոսքն այստեղ կարող է գնալ առնվազն 2մլն նոր բարձրակարգ աշխատատեղերի եւ տնտեսության լայնամասշտաբ կառուցվածքի մասին։ Կարծում եմ բոլորի համար պարզ է, որ «կիբուցային շարժումներով» սփյուռքին Հայաստան չես բերի։
Գիտե՞ք ինչ են առաջարկում մեր ընդիմադիր քաղաքական ու հասարակական գործիչները այս նպատակին հասնելու համար՝ «սա հնարավոր է միայն, եթե Հայաստանը լինի օրենքի, իրավունքի, արդարության երկիր, տնտեսապես ու քաղաքականապես լինի մրցունակ ու պաշտպանված»։ Երեւում է, որ Դ. Աջեմօղլու եւ Ջ. Ռոբինսոնի գիրքը իսկապես մեր գործիչների վրա ունեցել է «անասելի» մեծ ազդեցություն։
Հասկանալի է, որ տնտեսական ու քաղաքական ինստիտուտների կայացումը դրական երեւույթ է, եւ իհարկե որոշ առումով կնպաստի զարգացմանը։ Սակայն վերցնենք մեկ այլ պարբերություն ՝«Հայաստանը լինի.. տնտեսապես մրցունակ»։ Այ այստեղից սկսենք։
Դ. Աջեմօղլու եւ Ջ. Ռոբինսոնի ուղղերձը, ինստիտուտների կայացման առումով, վերաբերում է, նախ եւ առաջ, երրորդ կարգի երկրներին, եւ գրքում խոսքը գնում է այդ երկրներում հաստատված օլիգարխիկ համակարգերի վերացման անհրաժեշտության մասին։ Նրանք խորքային պատմական ակնարկներով բացահայտում ու հիմնավորում են, որ ինստիտուցիոնալ վերափոխումները մեծ արդյունք են տվել։ Սակայն մոտենալով արդի ժամանակաշրջանին պատկերը փոխվում է՝ «արաբական գարունը», «վրացական հրաշքը» եւ այլն, սպասված արդյունքներ այդպես էլ չբերեցին։ Հրաշք չի լինելու նաեւ Հայաստանում, կարող եք չկասկածել։
Ինստիտուցիոնալ բարեփոխումները երրորդ կարգի երկրներում, նույնիսկ եթե կայանան, էապես ոչինչ չեն փոխելու։ Այդ երկրները ուղղակի արագ, գրեթե նույն կետում հավասարակշռվելու են աշխարհի հետ, պատկերավոր ասած՝ «ֆոկուսի են գալու»։ Այդ ընթացքում որոշ ոլորտներ կարող են կորուստ ունենալ, մեկ այլ ուղղություններ շահել։ Եթե ռեսուրսներով հարուստ են՝ կշահեն մի քիչ ավելի շատ, եթե որոշ «ոտքի տակի» ոլորտներ աչքաթող են արել՝ ինչպես ասենք Վրաստանի պարագայում տուրիզմը, ապա արագ կլրացնեն։ Այսքանը՝ եւ ուրիշ ոչինչ, ոչ մի առաջընթա՜ց, սրընթա՜ց զարգացումներ, կրկնապատկվա՜ծ բնակչություն, մոռացե՛ք դրա մասին։
Ի՞նչու նախկինում՝ այո, իսկ հիմա՝ ոչ։
Այսօր շուկաները սահմանազատված եռահամակարգ կառուցվածք ունեն՝ վերին, միջին, ներքին շերտեր։ Եթե դուք այցելեք վերին շերտի խոշոր կորպորատիվ ընկերություններ, ապա դուք կտեսնենք հետեւյալ պատկերը։ Նույնիսկ ճգնաժամային իրավիճակներում, այստեղ տիրում է լիակատար հանդարտություն։ Այս ընկերությունները, առաջինն են ստանում նոր տեխնոլոգիաները, այստեղ զբաղված են լավագույն մասնագետները, կայուն ու բացառիկ իրավունքի պայմանագրերով ամրագրված են իրենց շուկայական դիրքերը, իշխանությունները նախ եւ առաջ հաշվի են նստում նրանց շահերի հետ եւ այլն։ Այս շուկաների դռներն ամուր փակված են նույնիսկ զարգացող երկրների ընկերությունների համար։
Շուկաների միջին հատվածը։ Այստեղ խոշոր ու միջին «ակուլաներն» են, համաշխարհային տնտեսության շարժիչ ուժը, առույգ ու շարժունակ։ Այս հատվածի ընկերությունները «խոնարհվում», սպասարկում ու ձգտում են համագործակցել «վերեւների» հետ՝ հնարավորինս խուսափելով առնչություն ունենանալ շուկայի ներքին հատվածի հետ։ Այստեղ էլ՝ նույնիսկ «ինստիտուցիոնալիզացված» երրորդ երկրների համար դռները գրեթե փակ են։
Կատաղի պայքար է մղվում շուկայի ներքեւի հատվածում, որը ի դեպ իր ծավալներով բավականին խոշոր կարող է լինել՝ տարբեր երկրներում, շուկայական տարբեր սեգմենտների միջինացված հաշվարկով, այն կարող է տատանվել ՝ 40-90% շրջանակներում։ Այ այս շուկաների ներքին հատվածն է հիմնականում «բարեփոխված» երրորդ երկրների մրցադաշտը։ Այստեղ պայքար են մղում ոչ միայն ներմուծողները։ Այս հատվածում ուժեղ են հատկապես տեղական փոքր ու միջին ձեռնակությունների դիրքերը։ Պարզ է չէ՞, որ ներքեւի շուկայում մրցելով «հզոր Հայաստան» չես կառուցի, եթե նույնիսկ տարին 12 ամիս «վերափոխվես ու բարեփոխվես»։
Ի՞նչ անել։
Հասկանալ, վերջ տալ երեւակայություններին, համախմբվել այն գործի շուրջ, որը իրական հաջողություն կբերի։ Մի մոռացեք, մեր հայրենակցի «Ձախողված ազգ» արտահայտությունը այդ թվում նաեւ մեզ է ուղղված։ Եթե դուք դրա հետ համակերպվել եք, դա արդեն ձեր խնդիրն է։ Ես, եւ վստահ եմ իմ նմանները, այդ կածիքին չեն։ Երազելը վատ բան չի, սակայն եթե դու չես անում ճշգրիտ հաշվարկ, եթե չես տեսնում քայլերն ու հետեւանքները, ապա «երազախափ» լինելն անխուսափելի է։ Ժամանակն է, որ մենք կշռադատենք հասարակությանն ուղղված մեր ամեն մի բառը։
Շնորհակալություն հետաքրքիր վերլուծության համար: