Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհակալություն է հայտնել Գյումրիում 6 հոգանոց ընտանիքին սպանած Վալերի Պերմյակովի գործը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու առնչությամբ: Այս տեղեկությունը հաղորդել է ռուսական «TASS» գործակալությունը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ Պերմյակովի գործը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու առնչությամբ: Շատ շնորհակալ եմ»,- ասել է ՀՀ նախագահը:
RT.com-ն էլ փոխանցել է, որ Սերժ Սարգսյանը նաեւ ասել է, թե Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ պայմանավորվածություն է ձեռքբերվել արտոնյալ պայմաններով 200 միլիոն դոլար արժողությամբ զենքեր գնելու վարկի տրամադրման շուրջ:
«Ստորագրվել է համաձայնագիր Հայաստանին արտոնյալ պայմաններով 200 միլիոն դոլար արժողությամբ զենքեր գնելու վարկի տրամադրման մասին եւ դա թույլ կտա թարմացնել Հայաստանի զինված ուժերի զինանոցը»,- մասնավորապես նշել է Սերժ Սարգսյանը:
Կարդացեք նաև
Ըստ «ՌԻԱ»-ի՝ Սերժ Սարգսյանը նաեւ ասել է, որ Դուշանբեում ՀԱՊԿ-ի գագաթաժողովի ընթացքում մտադրվել է պատմել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված լարված իրավիճակի մասին. «Կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանին Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիները փնտրելու գործում ներդրած ջանքերի համար: Վերջին երկու շաբաթների ընթացքում շատ լարված է սահմանին»:
https://www.youtube.com/watch?v=m_9jgU04FY4&feature=share
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ