Օրերս ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության հրավերով Արցախում էր գտնվում Ուզբեկստանի հանրապետության գյուղատնտեսության և ջրային տնտեսության նախարարության գիտա-արտադրական կենտրոնի և սելեկցիայի, սերմնաբուծության ու բամբակի մշակության ագրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտի բամբակագործության լաբորատորիայի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հակիմժոն Սայիդալիեվը, ով Արցախի գյուղատնտեսության նախարարության պատասխանատուների ուղեկցությամբ եղավ Հադրութի շրջանում:
Մասնավորապես, Արաքսի հովտում նախանշվեցին բամբակի մշակության համար բարենպաստ տարածքներ՝ նշյալ կուլտուրայի փորձնական մշակություն իրականացնելու համար, ինչի արդյունքներից հետո նաև՝ ապագայում այն մասսայականացնելու նպատակով:
Այնուհետև նախարար Արամ Մխոյանի մոտ տեղի ունեցավ սեմինար-խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվեցին դիտարկման արդյունքները: Ուզբեկստանցի գիտնականը նախարարության պատասխանատուներին մանրամասն ներկայացրեց բամբակագործության առանձնահատկությունները:
Արամ Մխոյանը նշեց, որ աշխարհում մեծ ճանաչում ունեցող Ուզբեկստանի առաջատար մասնագետների հետ սկիզբ դրված համագործակցության արդյունքում շուտով հանրապետությունում նորից բամբակ կմշակվի, ընդ որում, սպիտակ բամբակից բացի, նաև աշխարհում լայն պահանջարկ վայելող ու մեծ շահութաբերություն ունեցող գունավոր բամբակ կմշակվի: Ըստ նախարարի, կներդրվեն չորադիմացկուն, քիչ խոնավություն պահանջող սորտեր:
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարություն