ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննդատողների մեջ ազնվության պակաս է տեսնում:
Նա կարծում է՝ քննադատողները ազնիվ չեն իրենց որակումների մեջ ու հասարակությանը ապատեղեկացնում են:
«Պետք է ազնվորեն ասեն՝ ինչ է գրված նախագծում, ոչ թե համատեքստից հանեն հոդվածներն ու մեկնաբանեն՝ վատ է, մարդու իրավունքների ոտնահարում է, չգիտեմ ինչ է»,- Aravot.am-ին ասաց պատգամավորը:
Մեր հարցին՝ ինչը կփոխեիք նախագծում, ասաց՝ լուրջ փոփոխությունների կարիք չկա. «Բնական է, որ տարբեր քաղաքական ուժեր տարբեր մոտեցումներ կարող են ունենալ նախագծի վերաբերյալ, բայց, ընդհանուր առմամբ, նորմալ է, կարծում եմ՝ կարելի է մի քիչ ավելի խտացնել, որովհետեւ մարդու իրավունքների հստակեցմանը վերաբերող մասը մեզ մոտ շատ ծավալուն է, հնարավորության դեպքում որոշակի հոդվածներ կարելի է միացնել, բայց մյուս կողմից էլ ժողովրդավարության, մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր խնդիրները հստակ, առանձին հոդվածներով դրվել է: Մեծ փոփոխության անհրաժեշտություն չեմ տեսնում»:
Կարդացեք նաև
Պատգամավորը հասցրել է զարմանալ նաեւ ընդդիմադիր ուժերի դիրքորոշումից, ասաց նրանց տեսակետներից գլուխ չի հանում. «Ընդդիմադիր ուժերը անցած ընտրություններից առաջ անընդհատ ասում էին՝ Սահմանադրության փոփոխության կարիք կա, զարմանալի է, որ, երբ Սահմանադրությամբ խոսվում է ընդդիմադիր ուժերին ավելի լայն լիազորություններ տալու մասին ու կոնկրետ ամրագրվում են մի շարք խնդիրներ իրենց լիազորությունների հետ կապված, նրանք ընդդիմանում են: Այդ դեպքում, կմնա գործող Սահմանադրությունը, որտեղ ոչ մի ռեալ լիազորություն նրանց չի տրվել ոչ ԱԺ-ում, ոչ էլ այլ տեղ, զարմանում եմ՝ չե՞ն ուզում, որ իրենց լիազորություններն ավելի ընդլայնվեն: Դա նշանակում է՝ կամ ծանոթ չեն նախագծին կամ էլ անհասկանալի է՝ ինչ են ուզում կամ ինչի համար են պայքարում»:
Անդրադառնալով նախագծում տեղ գտած մարդու իրավունքների, հիմնական ազատությունների վերաբերյալ հոդվածների վերաբերյալ դժգոհություններին՝ պատգամավորը կրկնեց, որ շատ հստակ է ամեն ինչ գրված. «Որեւէ խոցելի բան ինքս չեմ տեսնում»:
Հետո վստահեցրեց, որ առայժմ հնարավորություն են տալիս ու քաղաքացիական հասարակությանը՝ իրենց ձայնը լսելի դարձնել. «Բոլոր այն մտահոգությունները, որոնք ներկայացվել են ԱԺ պետաիրավական հանձնաժողովը կքննի ու համապատասխան բարեփոխումներ իրականացնող խմբի հետ կքննարկի, թե որ մասով կընդունվի, որ մասով՝ չէ, պարզ կլինի, երբ ԱԺ-ում քննարկվի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ