Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը պատերազմական իրավիճակում է». Փորձագետ

Սեպտեմբեր 07,2015 20:55

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը խնդիր չի տեսնում «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների հրապարակայնացման ու լրատվությամբ լուսաբանման առումով:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց զորավարժությունների դեպքում լրատվամիջոցների նկատմամբ պայմանական պատերազմական իրավիճակին հարիր գրաքննություն սահմանելու անհրաժեշտություն կա՞ր, ի պատասխան պարոն Վրթանեսյանը ասաց. «Օրենքը նախատեսում է  որոշակի սահմանափակումներ արտակարգ իրավիճակների, ռազմական դրության կամ ռազմական ու պետական գաղտնիքների դեպքում, այս դեպքում, եթե նման խնդիր չկա, խնդիր չկա նաեւ ինչ-որ առումով սահմանափակելու: Զորավարժությունները կարող են ե՛ւ գաղտնի անցկացվել ե՛ւ աշխարհում շատ տարածված պրակտիկա  է, որ լայնորեն լուսաբանվում է:

Իրականում, թե ներսում ինչ է կատարվում, կապ չունի ցուցադրական մասի հետ, որ երեւում է մեդիայում: Ցանկացած զորավարժություն ունի ռազմական, ներքին մասեր, որոնք ընդհանրապես չեն երեւում: Այսպիսի մասշտաբի զորավարժությունը գաղտնի անցկացնել, որ չլուսաբանվեր, դժվարանում եմ պատկերացնել՝ ինչպես կարելի է: Հաշվի առնելով՝ ինչ-որ օբյեկտների տարհանումը, տեղաշարժերը, այն, որ շատ պետական կառույցներում աշխատողներն աշխատում էին հատուկ ռեժիմով, այդ ամենը հնարավոր չէ թաքցնել, որովհետեւ անտեղի ու անիմաստ  անհանգստություն կառաջանար, առանց այն էլ, բավականին անհանգիստ արձագանքներ եղան: Եթե այդ մասին չասվեր, ավելորդ անհանգստություն էր լինելու»:

Ըստ նրա` լրատվամիջոցների մի զգալի մասի անձնակազմը բավականին զգոն է, եւ այնպիսի տեղեկատվություն, որը կարող է ինչ-որ կերպ վնասել երկրի անվտանգությանը, չեն հրապարակվում: Եթե որոշ լրատվամիջոցներ էլ հրապարակում են նյութեր, որոնք պետական անվտանգության տեսակետից գուցե լավ կլիներ, որ չհրապարակվեին, բայց միաժամանակ օրենք էլ չեն խախտում դրանով, ուրեմն ուրիշ ձեւ չկա նրանց արգելել հրապարակելը»:

Կարեն Վրթանեսյանին մտահոգել է միայն զորավարժությունների եւ սահմանային լարվածության ուռճացված լուսաբանումը: Նա նկատել է, որ որոշ լրատվամիջոցներ փորձել են  տագնապալի վերնագրերով ներկայացնել իրադարձությունը. «Սենսացիոն վերնագրերով, ուռճացված տեղեկատվություն»:

Փորձագետը հիշեցրեց, Ադրբեջանի հետ կնքած հրադադարի պայմանագիրն ու շեշտեց, որ Հայաստանը պատերազմական իրավիճակում է. «Եթե Երեւանի կենտրոնից դա չի զգացվում, կարելի է գնալ սահմանամերձ գոտի՝ Տավուշ, Արցախ ու տեսնել՝ ինչպիսին է այնտեղ իրավիճակը»:

Մեր հարցին՝ ինչով է բացատրում ՀԱՊԿ-ի լռությունը սահմանում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ, պարոն Վրթանեսյանը ասաց. «Հայաստանը, որպես այդ դաշինքի լիիրավ անդամ, երեւի թե ինքը պետք է որոշի՝ դիմում է այդ դաշինքի օգնությանը, թե՝ ոչ: Եթե Հայաստանը չի դիմում, ինձ թվում է՝ դաշինքը ընդամենը պետք է դիտորդի դերում լինի: Եթե այնպիսի իրավիճակ է, որ դիմում ենք Դաշինքին ու առաջարկում, որ Դաշինքը խառնվի այս գործընթացին, այդ դեպքում նոր իմաստ ունի արձագանքել-չարձագանքելու հարցը քննարկել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930