Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեյրան Մարտիրոսյան. Գյումրեցիների առջեւ ծառացած հիմնախնդիրներից ոչ մեկի լուծումը այս Սահմանադրությունը չի առաջարկում. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 07,2015 19:33

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում Մեդիա կենտրոնը կազմակերպել էր «Սահմանադրական փոփոխությունների գործընթացը» թեմայով քննարկում: Այդ քննարկմանը մասնակցում էին Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը, քաղաքագետներ Հովհաննես Գալստյանն ու Գագիկ Համբարյանը:

IMG_0062

Սեյրան Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ Սահմանադրական փոփոխությունների նկատմամբ հասարակական պահանջ չկա, ավելին` Սահմանադրությամբ առաջնորդվելը ներքին պահանջմունք չէ թե՛ ժողովրդի, եւ թե՛ առավել եւս իշխանության համար: «Նույնիսկ մանրադիտակ կամ խոշորացույց օգտագործելով՝ շատ դժվար է տեսնել, որ նրանք առաջնորդվում են Սահմանադրությամբ ու պետական շահերով, քան նեղ անձնական կլանային, կորպորատիվ», -ասաց Սերյան Մարտիրոսյանը:

Ըստ բանախոսի, մեր հասարակությունն առաջին անգամ Սերժ Սարգսյանից իմացավ, որ մենք ուզում ենք մեր Սահմանադրությունը փոխել: Բանախոսի կարծիքով, Սահմանադրական փոփոխություններով ուզում են ստեղծել վերարտադրության լավ, լիարժեք նախապայմաններ:

Հարցին, թե ինչպե՞ս են արձագանքում գյումրեցիները Սահմանադրական փոփոխություններին, Սեյրան Մարտիրոսյանն ասաց. «Իմ ընկալմամբ, հանրային քննարկումներ չկան ընդհանրապես, կա հանրային քննարկումների իմիտացիա: Դա նույնպես նորություն չէ, դա իշխանությունների ձեռագրի մի մասն է: Մենք հիշում ենք նաեւ 2008 թվականի մարտի մեկի ողբերգական դեպքերից հետո, երբ որ քաղաքական կոնսուլտացիայի համար մեծ, կլոր սեղան հրավիրվեց եւ մեծ թվով մարգինալ, մեկ կամ մի քանի հոգով ներկայացված կուսակցություններն այդ սեղանի մոտ նստելուց հետո շատ հուզվեցին, լավ զգացին, որ կարեւոր հանդիպման են մասնակցում: Ավելի հայտնի քաղաքական ուժերը չմասնակցեցին, ինչպես հիմա ավելի հայտնի քաղաքական ուժերը մերժում են այդ գործընթացը: Այն հասարակական կազմակերպությունները, որոնք Հայաստանում կշիռ ունեն, հեղինակություն, դեմք, ակտիվ են, փաստացի իրենց վերաբերմունքով մերժել են այդ քննարկումներին մասնակցել, այնտեղ մասնակցել են ավելի շատ իշխանությունների ազդեցության տակ եղած հասարակական կազմակերպությունները, որոնք էլի պիտի ապահովեն այդ մասնակցությունը:

Գյումրիում ընդհանրապես դրա մասին ոչ մի բան չկա, որովհետեւ Գյումրիում չկա քաղաքական կյանք: Գյումրիում համարյա ոչ մի կուսակցություն ամենօրյա քաղաքական աշխատանք չի կատարում: Եթե ուզում եք համոզվել, կարող եք գնալ, տեսնել ասենք թե Հանրապետական կուսակցության տարածքային գրասենյակը. մոլախոտը ելել, ծածկում է մարդկանց , ձմռանը կարող եք գնալ եւ տեսնենք՝ ինչքան ձյուն է եկել, չափեք, թե այդ տարվա ընթացքում ձյունառա՞տ էր, թե՞ ոչ, ի՞նչ հաստությամբ ձյուն էր եկել», -ասաց բանախոսը:

Նրա համոզմամբ, Գյումրում իշխող վերաբերմունքը Սահմանադրական փոփոխությունների մասին անտարբերությունն է, քանի որ գյումրեցիների առջեւ ծառացած հիմնախնդիրներից ոչ մեկի լուծումը այս Սահմանադրությունը չի առաջարկում: Ըստ Սեյրան Մարտիրոսյանի, մեծ թվով զավեշտներ կան տեքստի մեջ, հատկապես թվերի մասով, նրա մատնանշմամբ, օրինակ՝ 777 համարանիշի նկատմամբ հատուկ ակնածանքը տեղափոխվել է Սահմանադրության մեջ: Ըստ իրավապաշտպանի, Սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումները պետք է նախորդեն, ոչ թե հաջորդեն, որպեսզի ձեւավորվեր հասարակական կարծիք:

«Հայաստանը դեռ չի հասել այնպիսի հարթություն, որտեղ կոլեկտիվ քաղաքական ուժն է վճռորոշը եւ ոչ թե դրա առաջնորդը, կամ անձը: Մեր հասարակությունը բոլոր հատվածներում՝ քրեական, կիսաքրեական, գողական, կիսագողական մինչեւ քաղաքական հատվածում անձնավորված հասարակություն է, եւ երբ որ դու դա փոխարինում ես մեկ ուրիշ բանով, պարզապես նշանակում է, որ թաքցնում ես էն մեկին, որը միեւնույնն է կարգադրում է: Մենք նախագահ չունենք՝ նախագահ ունենալով: Միեւնույնն է՝ բոլորը գնալու են կամ սպասելու են, թե ինչ է ասելու, ներողություն արտահայտությանս համար, պախանը: Ինքը իրականում որպես այդպիսին գոյություն է ունենալու ոչ թե տեքստի մեջ, Հայաստանի հասարակական փոխհարաբերություններն առայժմ այդպիսին են, հարկավոր է սա հաշվի առնել»:

Քաղաքագետ Հովհաննես Գալստյանի համոզմամբ էլ, Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը շատ քիչ աշխատանք է տարել հանրությանը հիմնավորելու իրենց փաստաթուղթը, ցուցադրելու փոփոխությունների օբյեկտիվ պատճառները: Նա նաեւ ասաց, որ հանձնաժողովի կազմում ներգրավված չեն եղել ընդդիմության ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործընթացը դարձել է փակ: Հանրային քննարկումներ չեն կազմակերպվել Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ:

Քաղաքագետը իր մտահոգությունը հայտնեց նոր ընտրական մեխանիզմի հոդվածի մասին: Ըստ նրա, ընտրությունների երկրորդ փուլը դեռեւս նոր խորհրդարանական համակարգի անցնող նոր ժողովրդավարության համար շատ վտանգավոր է, քանի որ, երբ իշխանությունը զբաղեցնում է մեկ քաղաքական ուժ, դա արդեն լճացում է, ոչ թե ժողովրդավարության կայունություն:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով էլ, Հայաստանի հանրապետությունը այդքան չի հասունացել թե՛ սոցիալ- տնտեսական ե՛ւ թե կուսակցաշինության մակարդակով, որ փոխի կառավարման ձեւը: Ըստ նրա, այսպիսի խնդիրների մեջ թաղված լինելով՝ Սահմանադրական փոփոխությունները ժամանակավրեպ են դառնում: Նա, մասնավորապես ասաց, որ իր համար աբսուրդ է ընտրությունների երկրորդ փուլը: Ըստ նրա, կայուն մեծամասնություն կարելի է ստեղծել կոալիցիա ձեւավորելով, ինչո՞ւ երկու կուսակցությունների մեջ պետք է տեղի ունենա ընտրություն:

«Ասենք թե ես կոմունիստական կուսակցության կողմնակից եմ, իմ նախընտրած կուսակցությունը զբաղեցնում է երրորդ տեղը, սակայն չի ձեւավորվում կայուն մեծամասնություն, մնում է երկրորդ փուլ, անցնում են աջակողմյան ուղղվածություն ունեցող երկու կուսակցություններ, օրինակի համար ԲՀԿ- ՀՀԿ, հիմա ի՞նչ՝ ես իմ գաղափախոսությունը մի կողմ դնեմ սոցիալիստական ու ընտրե՞մ աջակողմյան ՀՀԿ- ու ԲՀԿ-ի միջեւ: Դա աբսուրդ է, մարդ պետք է ընտրի մի անգամ»,- ասաց քաղաքագետը:

Քաղաքագետի ամբողջական ելույթը ՝ տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930