Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները հավատում են, որ Հայաստան-Դանիա խաղում մենք կարող ենք հաղթել:
Ֆուտբոլային հանդիպումից առաջ Հայաստանի և Դանիայի երկրպագուները Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտից միասնական երթով շարժվեցին դեպի Հանրապետական մարզադաշտ:
«Մենք հավատում ենք մեր հաղթանակին: Մեր տղաները շատ լավ են խաղում, ուղղակի բախտները չի բերում: Մենք հիմա պայքարում ենք հաղթանակի համար, բայց եթե պարտվենք էլ, ոչինչ, Ալբանիայի հետ խաղում կհաղթենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Աբրահամ Աբրահամյանը:
Կարդացեք նաև
Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուներից Սարգիս Սարգսյանն էլ հույս ունի, որ Հայաստանը կհաղթի Դանիայի հետ խաղում. «Ճիշտ է, զուտ ձևական բնույթ է կրելու խաղը, որովհետև հաղթելու դեպքում էլ դուրս գալու շանսեր այլևս չունենք, բայց գոնե հաղթանակը մի քիչ կարթնացնի ֆուտբոլային տրամադրությունը երկրպագուների մոտ: Իրականում կարող ենք հաղթել, պարզապես, մեզ Վարդան Մինասյանն է պակասում: Սարգիս Հովսեփյանը, ֆուտբոլային լեգենդ լինելով հանդերձ, մարզիչ չէ. նա մինչև հիմա հոգով-սրտով ֆուտբոլիստ է»,- ասաց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Հայաստան-Դանիա խաղը կսկսվի ժամը 20:00-ին:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ