Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 7-ին դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվում էր Հերիքնազ Խաչատրյանի դեմ հայցով դատական նիստը:
Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, բնակվելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում եւ Նելլի Ներսիսյանի ղեկավարությամբ զբաղվելով մարմնավաճառությամբ, թրաֆիքինգի նպատակով կատարել է կանանց հավաքագրման եւ Դուբայ տեղափոխելուն, փոխանցելուն, թաքցնելուն ուղղված գործողություններ:
Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց Հերիքնազ Խաչատրյանի քույրը՝ Բավական Խաչատրյանը, վերջինս շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու եւ նրանց սեռական շահագործումը կազմակերպելու համար 2014 թվականին դատապարտվել է 11 տարի ազատազրկման: Նա ասաց, որ 2013 թվականի ապրիլի 5-ին իրեն կանչել են ոստիկանություն, երբ որ գնում է ոստիկանություն բաժանմունք, իրեն մոտեցել են երկու հոգի ներկայացել որպես 6-րդ վարչության աշխատակիցներ եւ ասել, թե իրենց հետ պետք է գնա 6-րդ վարչություն. «Իրենք ինձ անօրինական են պահել վարչությունում, սպառնալիքներով, ծեծելով, հայհոյանքներով՝ որ հեսա մորդ կբռնենք, եղբորդ, որ մեզ պետք է, որ տաս այն ցուցմունքները, որոնք մենք ենք ուզում, եւ մենք կթողնենք, կգնաս տուն: Ու անցել է 1 ժամ մինչեւ ծեծելը, եկել են ինձ տարել են դիմացի սենյակ, լրիվ նայել են, որ ես նորմալ եմ, անգամ ինձ վրա բիծ չի եղել: Ինձ քննիչներն են ստիպել, որ ես տամ իմ քրոջ անունը, ոնց իրենք են ուզել, որ գրվի ցուցմունքը, այդպես էլ գրել եմ, որ իր անունը պետք է գրվի՝ Ելենայի եւ Ավդալյանի տված ցուցմունքների հիման վրա: Բայց ինքը ի՞նչ գործ ունի իմ բռնած գործերի մեջ, եթե ես յոթը տարի իրենից տեղեկություն չեմ ունեցել, ինչո՞ւ պետք է ինքը իմ գործերի մեջ խառնվեր»:
Բավական Խաչատրյանը ասաց, որ Դուբայում ծանոթներ ունեցել է, որոնցից մեկի անունը Անո է, որը բիզնեսով է զբաղվում, նաեւ շփվում է մարմնավաճառների հետ: Նա նշեց, որ տեղեկություն չի ունեցել, թե իր քույրը 2006 թվականից սկսած որտեղ է եղել. «Ես իր հետ 2005 թվականից ընդհարված եմ եղել, բացարձակապես ոչ էլ իր գոյության մասին տեղյակ եմ»:
Կարդացեք նաև
Իսկ Ելենա Նիկողոսյանին ճանաչում է որպես Հերիքնազ Խաչատրյանի մտերիմ ընկերուհին, եւ երբ ինքը խզել է կապերը քրոջ հետ, 2008 թվականին Ելենա Նիկողոսյանը իրենից հետաքրքրվել է, թե որտեղ է Հերիքնազ Խաչատրյանը, որպեսզի միասին գնան Թուրքիա: Ծանոթությունից հետո Բավական Խաչատրյանը եւս մտերիմ հարաբերություններ է ունեցել Ելենա Նիկողոսյանի հետ. «Ինքը ինձ հրավիրել է իրենց տուն ծնունդի, ես գնացել եմ, հետո ծնունդից հետո մենք նստել ենք իր ընտանիքի հետ, խոսակցության մեջ ասել է՝ ես ուզում եմ գնամ, պարտքերի մեջ եմ, եթե հնարավոր է՝ օգնես գնամ՝ ասել եմ՝ կզանգեմ քրոջս կգնաս: Քույր ասելով՝ ես Անոյին եմ ի նկատի ունեցել, որովհետեւ իր մոտ էլ եմ Անոյին ասել քուրս, Անս»:
Բավական Խաչատրյանի պնդմամբ՝ Ելենա Նիկողոսյանը պրոֆեսիոնալ մարմնավաճառ էր եւ Արաբական Էմիրություններում ցանկանում էր որպես մարմնավաճառ աշխատել: Նա նշեց, որ իր ոսկեղենը գրավ է դրել եւ գումարը տվել Ելենային, որ պարտքերը փակի, իսկ դեպի ԱՄԷ նրա ճանապարհածախսը հոգացել է Անոն: Սակայն երբ Բավական Խաչատրյանը պահանջել է իր գումարը, Ելենա Նիկողոսյանը չի վերադարձրել. «Ելենային ճանապարհում էին, իր մայրիկը զանգեց՝ Ելենան հետ է գալիս, ես զանգահարեցի Անոյին, ասացի՝ Անո՛, ինչո՞ւ է Ելենան հետ գալիս, ասաց՝ նախ ինքը առաջարկել է, որ պետք է խմի, խմած ժամանակ դուրս գա աշխատանքի, հետո երակ է գցում, երկրորդն էլ նրա տեսքը չի համապատասխանում մեզ, ինքն էլ խնդրել է, որ 1 ամիս մնա աշխատի, գոնե փողով հետ գա, մենք չենք կարող իրեն պահել, բայց 5-6 հարյուր դոլարի չափով ու 1 հեռախոս իրենց կողմից տվել են, ճանապարհել են Ելենային»:
Նա նշեց, որ ճանաչել է նաեւ Աննա Ավդալյանին եւ բնութագրեց որպես հարազատ մարդ, ում հետ 8 տարի ապրել է: Նա ասաց, որ վերջինս ցանկություն է հայտնել գնալ Մոսկվա՝ Հերիքնազ Խաչատրյանի մոտ, եւ նրա հետ աշխատել, սակայն նա շեշտեց, որ այդ ժամանակ ամբաստանյալը գտնվում էր Թուրքիայում: Ըստ նրա՝ Աննա Ավդալյանը եւս մարմնավաճառ էր:
«Ես ոչ բոլորին եմ աշխատանք առաջարկել, ցանկացել, ուզել են, ես էլ ասել եմ՝ կօգնեմ կգնաք: Իրենք գիտեին, որ ես շատ մոտ մարդ ունեմ այնտեղ, որը որ շատ հարազատ է, իրենից առավել քույր է ինձ համար»,- ասաց նա:
Բավական Խաչատրյանը ընդգծեց, որ օգտագործել է Հերիքնազ Խաչատրյանի անունը վստահություն ստանալու համար, սակայն նաեւ հավելեց, որ Հերիքնազը մարմնավաճառությամբ չի զբաղվել, ինքը նման տեղեկություն չունի: Աննա Ավդալյանի ճանապարհածախսը եւս հոգացել է Անոն:
«Աննայի մայրիկը զանգեց ինձ, որ Աննան Դուբայի օդանավակայանում է, վիզան կորցրել է, ես զանգեցի Անոյին, ասացի՝ Անո Աննան օդանավակայանում է, ինչ-որ վիզան կորցրել է, ի՞նչ կարող ենք անել, գումար ուղարկեք, որ գոնե ինքը հետ գա: Ու Անոն զանգում է, գումար են ուղարկում Աննան ստանում է, հետ է գալիս, Աննան Դուբայ չի մտել, օդանավակայանից հետ է եկել»,- ասաց նա:
«Դու իմ գործերի մեջ ընդհանրապես կապ չունես, դու մինչեւ վերջ էլ կարաս գնաս առաջ: Այսօր դատվել եմ ես, դատապարտվել եմ ես, իմ գործերի համար, իմ արարքների համար, դու պրի չյո՞մ, ո՞վ էիր դու, որ քո անունը տայի»,- ասաց նա քրոջը՝ Հերիքնազ Խաչատրյանին:
Նա հրաժարվեց պատասխանել տուժողի ներկայացուցչի հարցերին՝ պատճառաբանելով՝ «Ինքը քննիչի մարդն ա»:
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ