Սեպտեմբերի 7-ին գումարվել է ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ:
Հանձնաժողովը քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը ներկայացրել է օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը մանկապարտեզներում, սնունդ տրամադրող դպրոցներում, հատուկ կրթական եւ երեխաների խնամքի հաստատություններում պետական վերահսկողության սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների ողջ ծավալի նկատմամբ իրականացվող վերահսկողության բացը լրացնելու առումով: Ռոբերտ Մակարյանի խոսքով՝ առաջարկվում է այդ միջոցառումներն իրականացնող լիազոր մարմին սահմանել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Հիմնական զեկուցողը նշել է նաեւ, որ նախագծի ընդունմամբ հստակեցվում է, թե ինչ սանկցիա է կիրառվում մանրածախ առեւտրում եւ հանրային սննդի ծառայությունում սննդամթերքի անվտանգության ոլորտի սանիտարական կանոնները եւ նորմերը չպահպանելու դեպքում:
Հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Վահագն Մախսուդյանը կարեւորել է հատկապես երեխաների սննդի անվտանգության հարցը եւ այն վերահսկելու մեխանիզմները, դրանցից բխող սանկցիաները:
Քննարկվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը նշել է, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել ՀՀ տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների սահմանային թույլատրելի մակարդակները, արտանետումների կազմի նորմերը եւ հսկման մեթոդները ՀՀ կառավարության կողմից սահմանելու դրույթ եւ հստակեցնել ու արդիականացնել գործող օրենքի 2-րդ հոդվածը:
Փոխնախարարը նշել է, որ «Բուuական աշխարհի մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է բնակավայրերի կանաչ գոտիների չափերին եւ կազմությանը ներկայացվող պահանջները ՀՀ կառավարության կողմից սահմանելու դրույթ: Ինչպես նաեւ այս նախագծով նախատեսվում է սահմանել դրույթ բնակավայրերում կանաչ գոտիների չափերին եւ տեսակային կազմին ներկայացված պահանջները խախտելու համար:
«ՀՀ հողային օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է հողի բերրի շերտի հանմանը, հողերի ռեկուլտիվացմանը, հողերն աղտոտումից պահպանելու համար ներկայացվող պահանջները ՀՀ կառավարության կողմից սահմանելու դրույթ:
Այնուհետեւ հանձնաժողովը քննարկել է «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Սիմոն Պապյանը նշել է, որ օրենքի նախագծի մշակումը նպատակաուղղված է ՀՀ-ում ընդերքօգտագործման արդյունքում առաջացած ապօրինի շահագործված կամ լքված հանքավայրերի տարածքում ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար ֆինանսական նախադրյալներ ստեղծելուն: Քննարկված օրինագծերը եւ օրենսդրական փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Նիստի ավարտին հանձնաժողովը հաստատել է 2015 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը:
ԱԺ պաշտոնական կայքի հաղորդագրություն