Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիա-Վրաստան. Ռազմավարական թյուրիմացություն. armenian-community.ge

Սեպտեմբեր 07,2015 17:12

Սեպտեմբերի 2-3-ին կայացել է պաշտոնական թուրքական պատվիրակության հերթական այցելությունը բռնագրավված Աբխազիա: Այս անգամ Վրաստանի ռազմավարական դաշնակից Թուրքիան չճանաչված Աբխազիա է ուղարկել մի պատվիրակություն, որի կազմում մտնում էին թուրքական վիլայեթներից մեկի նահանգապետը, ինչպես նաև Իզմիթ քաղաքի վարչության ղեկավարը:

Պաշտոնական այցելության ընթացքում թուրք բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են Վրաստանի բռնագրավված մասի ղեկավարությանը: Խոսել են եղբայրության և համագործակցության հետագա խորացման մասին:

«Թուրք նահանգապետի խոսքերի համաձայն` ինքը «Աբխազիայում իրեն զգում է ինչպես տանը, ինչպես եղբայրների մեջ»: Իսկ Իզմիթի վարչության ղեկավարը ցանկություն է հայտնել թուրքական քաղաք Իզմիթի և աբխազական Օճամճիրեի միջև համագործակցության զարգացման մասին: Թուրքական պատվիրակությունը նաև հրավիրել է Աբխազիայի ղեկավարությանը Թուրքիա` մասնակցելու հոկտեմբերի 29-ին հանրապետության օրվան նվիրված միջոցառումներին», -ասված է աբխազական մամուլում տարածված հայտարարությունում:

Սուխումիում կատարված թուրքական պաշտոնական պատվիրակության` վրացական օրենսդրության տեսանկյունից տեղի ունեցած անօրինական այցելության մասին տեղեկության տարածումից անմիջապես հետո վրացական կողմը հերթական անգամ բախվեց ցավոտ հարցի:

Իսկ հարցը նրանում է, որ մեր երկիրը, հնարավոր է` ստիպված, անվանում է Թուրքիային դաշնակից երկիր: Դե´, էլ ի՞նչ ռազմավարական դաշնակից, եթե նա բացեիբաց անտեսում է վրացական ներքին և արտաքին քաղաքականության հիմնական թեման: Տարածքային ամբողջության հարցը…

Եվ խոսքը ոչ միայն ուղղակի ինչ-որ պատահական այցելության կամ պատահական հանդիպման մասին է…

Խոսքն այն մասին է, որ Թուրքիան բացեիբաց համագործակցություն է վարում Աբխազիայի հետ, և որևէ ազդանշան էլ չկա այն մասին, որ տվյալ համագործակցությունը ներառում է վրաց-աբխազական կոնֆլիկտում միջնորդի դեր խաղալու փորձ:

Բայց մեր երկիրը համառորեն Թուրքիային համարում է ռազմավարական դաշնակից… Մեկնաբանելով թուրքական պաշտոնական պատվիրակության հերթական այցելությունը Աբխազիա` մեր բարձրաստիճան պաշտոնյաները ամոթալի թուլություն են դրսևորել: Մեղմ ասած` թուլություն: Մեկնաբանողների մեծամասնությունը` այդ թվում նաև նախարարները, փաստացիորեն փորձել են արդարացնել ռազմավարական դաշնակցի վարքը: «Թուրքիայում այսօր դժվար դրություն է, այնտեղ ժամանակավոր Կառավարություն է, որը տեղյակ չի եղել տվյալ այցի մասին…», -այսպիսին է մեր երկրի բողոքական դիրքորոշումը «ռազմավարական դաշնակցի» հերթական, միանգամայն ոչ ընկերական պահվածքի դեմ:

Հնարավոր է, որ եթե մեր քաղաքական այրերը խստություն ցուցաբերեին իրենց հայտարարություններում, ապա թուրքական իշխանությունները, եթե նույնիսկ չդադարեցնեին իրենց հարաբերությունները աբխազական ղեկավարության հետ, ապա գոնե կներկայանային պաշտոնական ներողությամբ կամ էլ արդարացմամբ… Բայց թուրքերի ինչի՞ն է պետք արդարանալը: Ինչո՞ւ, եթե հենց իրենք` ռազմավարական դաշնակից վրացիները, ամեն ինչ կներեն, կմոռանան և իրենք էլ ներողություն կխնդրեն…

Այդպես էլ կատարվեց… Այցի պահից ի վեր արդեն անցել է մեկ շաբաթից ավելի, իսկ թուրքական «դաշնակիցները», ռազմավարական դաշնակիցները այդպես էլ հարկ չեն համարել ներկայանալ պաշտոնական արդարացմամբ:

Վրաստանի վարչապետին ոչ ոք նույնիսկ չի զանգահարել Թուրքիայից, ոչ ոք ներողություն չի խնդրել և չի էլ փորձել պարզաբանել «թյուրիմացությունը»…

Բայց եթե անկեղծ լինենք, թյուրիմացությո՞ւն է արդյոք դա: Ակնհայտ չէ՞, որ թյուրիմացությունը հենց այն է, որ մեր երկիրը ոսոխին համարում է ռազմավարական դաշնակից: Մնում է միայն հուսալ, որ ռազմավարական թյուրիմացությունը դեռևս չի դարձել ճակատագրական…

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930