Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե գրավենք ադրբեջանական 3 կարեւոր դիրքերը, մեր հանրությունը կընդունի՞ այդ» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 07,2015 17:03

Վերջին 10-15 տարում Ադրբեջանը ելնելով տարբեր նպատակներից, խնդիրներից, փորձում է տարբեր ցիկլերով պահպանել լարվածությունը ե՛ւ հայ-ադրբեջանական ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գոտում, իսկ ամենակարեւոր նպատակը՝ Ադրբեջանը քաղաքական ուղերձներ է հղում միջազգային հանրությանն ու հայկական կողմին, որ չի հաշտվել այսքան տարվա ստատուս քվոյի իրականության հետ: Այսօր «Հենարան» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում ադրբեջանական գնդակոծություններին Տավուշի մարզի մի շարք գյուղերի ուղղությամբ:

Պարոն Մինասյանի կարծիքով՝ Ադրբեջանը փորձում է այս լարվածությամբ ազդել Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի վրա, եւ միաժամանակ փորձում է լրջություն տալ իր գործողություններին՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունների առումով: Մինասյանի խոսքերով՝ ցավոք կա այլ դինամիկա՝ Ադրբեջանի կողմից ավելացել է զենքի եւ զինատեսակի օգտագործումը. «Եթե մի քանի տարի առաջ թեթեւ զենք էին օգտագործում, ապա այս անգամ 120 միլիմետրանոց ականանետներ են, իսկ Ղարաբաղի ճակատում 107 միլիմետրանոց հրթիռահրետանային կայաններ: Սա լուրջ զարգացումներ են, բայց սկզբունքային նոր բան չկա, որը Ադրբեջանը փորձում է անել այս տարիների ընթացքում»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, արցախյան ազատամարտի առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովն էլ ասաց, որ ադրբեջանական գործողությունները կապված էին Արցախի անկախության օրվա հետ: Վարդանովի ներկայացմամբ՝ «Թուրքն այնքան էլ դեբիլ չէ, չնայած կան իրենց մեջ դեբիլներ, մեր մեջ էլ կան: Անցյալ տարի մեր ուղղաթիռը խփեցին, երբ Արցախում հսկայական զորամիավորում էր հավաքված: Պատկերացրեք եթե ինքը պատրաստ չի պատերազմի ու դիրքային նման շարժումներ է անում, ու 30-50 հազար հայկական խմբավորումն իր ամբողջ հնարավորությամբ, եթե հանկարծ այդ ուղղաթիռի արդյունքում մենք լավ բարկանայինք, կարող է դուրս գայինք Քռի ափ չէ՞, շփոթվեինք Դաղստան հասնեինք»,-ասաց Վարդանովը:

Նրա կարծիքով՝ հայկական բանակն ավելի պատրաստված է, քան ադրբեջանականը, այդուհանդերձ, պետք չէ նրանց հիմարի տեղ դնել:

«Խաչակիրներ» ջոկատի ազատամարտիկ Շահեն Աճեմյանն էլ ասաց, որ մենք ունենք հզոր բանակ, սակայն մեզ զսպաշապիկ են հագցնում, եւ եթե Ադրբեջանն արդեն նման գործողություններ է անում անկախ Հայաստանի գյուղերի նկատմամբ, ապա պետք է արժանի հակահարված հասցնել ու վերցնել նրանց Տավուշի մարզի սահմանակից դիրքերը:

Մանրամասն՝տեսանյութում

Aravot.am-ի այն հարցին՝ ինչպե՞ս են գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, այսպես ասած՝ դիրքորոշումը, ավելի ճիշտ՝ լռությունը, արդյոք անհրաժեշտ չէ միջազգային կառույցներին դիմել, թե՝ դա անիմաստ է, պարոն Աճեմյանն ասաց, որ ինքը չգիտի թե վերեւներում ինչ են մտածում, բայց. «Պետք է թշնամուն լավ պատժել, խփենք իրենց գյուղերին ու ասենք՝ խելոք չմնա՞ք, տեսեք հա: Մինչեւ երբ հանդուրժենք մենք»:

Մեր հարցին ի պատասխան Վարդանովն էլ ասաց, որ եթե 1939 թվականին «զարգացած պետությունները» ներեցին չարիք համարվող սովետմիությանը՝ Ճապոնիայի եւ Մոնղոլիայի նկատմամբ կատարած գործողությունները, ապա եթե մենք Ադրբեջանին հիմա հակահարված տանք, մեզ կներեն ու կներեն. «Հարցն այն է՝ մենք պատրա՞ստ ենք հակահարվածին: Բանակը՝ միգուցե, իսկ հասարակությո՞ւնը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Վարդանովի դիտարկմամբ՝ եթե մենք վերցնենք ադրբեջանական երեք կարեւոր դիրքեր, արդյոք հանրությունը կընդունի մեր այդ գործողությունները. «Եթե հակահարված տանք, չի նշանակում, որ պատերազմ է սկսվում, բայց չի էլ բացառվում, որ թուրքը ծավալի լայնամասշտաբ գործողություններ: 18-20 տարեկան տղաների հետ, որ խոսում եմ, ասում են՝ հրաման լինի Բաքու էլ կհասնենք, դուխները տեղն է, բանակը պատրաստ է, բայց արդյոք հանրությունը պատրա՞ստ է»:

Մանրամասն՝ տեսանյութում

Սերգեյ Մինասյանն էլ արձագանքելով մեր հարցին, ասաց. «Համոզված չեմ, որ քաղաքական մակարդակով մենք ի վիճակի ենք այլ կերպ արձագանքել իրավիճակին, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ավելի քան 20 տարի է հայ-ադրբեջանական միջպետական սահմանում անընդհատ տեղի են ունենում ցածր էսկալացիայի ռազմական գործողություններ, եւ որեւէ միջազգային կառույց, կամ մեր դաշնակից կառույցներն ու երկրները արձագանք չեն տալիս: Ուրեմն արդեն հասկանալի է, որ դժվար թե նաեւ այս դեպքում արձագանքեն, եթե չլինեն լայնամասշտաբ ռազմական գործողություններ»:

Մինասյանն ասաց, որ ոչ Ադրբեջանը եւ ոչ էլ Հայաստանը չունեն պատասխան, թե ինչպիսին կլինի միջազգային կառույցների, ՀԱՊԿ-ի եւ Կրեմլի արձագանքը եթե կողմերից մեկը սկսի լայնամասշտաբ գործողություններ:

Մանրամասն ՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930