«Ալբեր և Թովե Բոյաջեան» ցուցասրահում այսօր բացվեց երիտասարդ նկարչուհի Անի Աճառյանի առաջին անհատական ցուցահանդեսը:
«Եղեռն…» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված են մոտ քսան աշխատանքներ, որոնք ստեղծվել են վերջին երեք տարիների ընթացքում:
«Եղեռն…», քանի որ գրեթե բոլոր աշխատանքները մեր նախնիների հուշերի վերարտադրությունն են, և ես կարծես միջնորդ եմ դառնում այդ աշխատանքները ստեղծելով: Դրանք զուտ անգիտակցականի արտահայտումն են, այսինքն՝ մազապուրծ փրկված մեր նախնիների հիշողությունները դրոշմվել են մեր արյան մեջ, և մեր ենթագիտակցությունն ակամայից թելադրում է մեզ՝ ինչ անել: Ստեղծագործելիս ես երբեք նախապես չեմ իմանում՝ ինչ եմ նկարելու. դա ինքնաբերաբար է ստացվում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Անի Աճառյանը:
Ստեղծագործություններն առանձին-առանձին վերնագրված չեն, որովհետև, ինչպես նկարչուհին է ասում, բոլորին էլ կարելի է միայն մեկ անվանում տալ՝ Եղեռն:
Ցուցահանդեսում ներկայացված է նաև եռաչափ ինտերակտիվ մի գեղանկար, որը նկարչուհու առաջին այդպիսի աշխատանքն է, բայց նա հուսով է, որ այն միակը չի մնա. «Եռաչափ ինտերակտիվ գեղանկարի դիտողը արվեստի ողջ ընկալման անմիջական մասնակիցն է դառնում: Գեղանկարչությունն այստեղ դառնում է ոչ միայն տեսանելի, այլև լսելի, քանի որ կոնկրետ այս աշխատանքն ուղեկցվում է Կոմիտասի «Գարուն ա…» ստեղծագործությամբ: Այս երաժշտության ընտրությունը, բնականաբար, պատահական չէ. Եղեռնին առավել բնորոշ մեկ այլ ստեղծագործություն հազիվ թե գտնվի»,- ասաց մեր զրուցակիցը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ