ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը: Ողջունելով բելգիական պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ ԱԺ նախագահը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցությունն ու երկխոսության զարգացումը, որը նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը:
Գալուստ Սահակյանը ողջունել է այս տարվա սկզբին Միջխորհրդարանական միությունում Բելգիայի խորհրդարանը ներկայացնող եւ բելգիական խմբի անդամ հանդիսացող պատգամավորների կողմից Հայաստանի հետ բարեկամության խմբի ստեղծումը:
Փաստելով, որ մեր խորհրդարանում Հայաստան-Բելգիա բարեկամական խումբը վաղուց է գործում՝ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ բարեկամական խմբերի գործունեության ակտիվացումը լավագույնս կծառայի հայ-բելգիական բարեկամության խորացմանը եւ երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացմանը:
Անդրադառնալով այն փաստին, որ պատվիրակության այցն իրականանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում՝ ԱԺ նախագահը նշել է, որ 2015 թ. ապրիլի 24-ին համայն առաջադեմ մարդկությունը հայ ժողովրդի հետ նշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Կարդացեք նաև
ԱԺ նախագահի խոսքով՝ պետք է շարունակել պայքարը պատմական ճշմարտության վերականգնման համար, հասնել նրան, որ բոլոր երկրները ճանաչեն եւ դատապարտեն ցեղասպանությունը, որպեսզի այն երբեւէ չկրկնվի:
Այդ համատեքստում Գալուստ Սահակյանն իր գոհունակությունն է հայտնել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից այս տարվա հուլիսին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման կապակցությամբ, որով ամբողջացել է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:
ԱԺ նախագահը նշել է, որ տեղյակ է պատվիրակության անդամների գործադրած ջանքերին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման հարցում:
Անդրադառնալով պատվիրակության առաջիկա այցին Արցախ՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է նման այցերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացի, հակամարտության նախապատմության մասին համակողմանի իրազեկման, այդ տեղեկություններն ու ստացած տպավորությունները գործընկերների հետ կիսելու տեսանկյունից: ԱԺ նախագահի խոսքով՝ այդպիսի այցերը չեզոքացնում են Արցախի տեղեկատվական մեկուսացվածությունը եւ լսելի են դարձնում Արցախի ժողովրդի ձայնը Եվրոպայում:
Գալուստ Սահակյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. հակամարտության համապարփակ կարգավորման միակ արդարացի ուղին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Այն արտացոլված է նաեւ հակամարտության կարգավորման գործում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկություններում:
ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացումն անհնար է առանց Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության, ինչին շարունակ դեմ է արտահայտվում ադրբեջանական կողմը:
Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակության անդամներն իրենց երախտագիտությունն են հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության համար եւ փաստել, որ այսօր խորհրդարանում ունեցել են բազմաթիվ արդյունավետ հանդիպումներ: Պատվիրակության անդամներն ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել են Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը՝ տեղեկացնելով, որ այն մեծ արձագանք է ստացել Բելգիայում, որտեղ թուրքական համայնքը բավականին ազդեցիկ է: Բելգիացի խորհրդարանականները նշել են, որ անհրաժեշտ է ընդլայնել Ցեղասպանությանը վերաբերող բանաձեւը՝ դրա մեջ ներառելով Պոնտոսի հույների, ասորիների, սիրիացիների ցեղասպանությունը: Հյուրերը նշել են, որ ֆլամանդական խորհրդարանը նույնպես իր փոքր, բայց նշանակալի դերն ունեցավ բանաձեւի ընդունման գործում:
Անդրադառնալով առաջիկա այցելությանը Արցախ՝ պատվիրակության անդամները նշել են, որ իրենց նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին եւ ներկայացնել միջազգային հանրությանը իրական պատկերը:
Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահը կրկին իր երախտագիտությունն է հայտնել մարդասիրական առաքելությամբ Հայաստան ժամանած բելգիացի խորհրդարանականներին եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանին, ում ջանքերն անգնահատելի են ազգապահպանության, հայ ժողովրդի ձայնը Եվրոպայում լսելի դարձնելու գործում:
ՀՀ ԱԺ