Այսօր առավոտից կառավարության շենքի դիմաց նստացույց է սկսել Սիրիայի նախկին ռազմական ոստիկան Եղիա Քեոշկերյանը, որն արդեն քանի տարի է Հայաստանում է: Սիրիահայ փախստականի բողոքի ակցիան մինչեւ կեսօր կառավարության որեւէ պաշտոնյայի չէր հետաքրքրել եւ որեւէ մեկը չէր արձագանքել: Նրա խոսքերով, եթե պաշտոնյաները չարձագանքեն, կառավարության դռները «ցեպիտ է» տալու եւ արգելելու է նրանց ելումուտը` մինչեւ որ իր պահանջը չկատարեն:
Սիրիայից Հայաստան ներգաղթած Եղիա Քեոշկերյանն, ինչպես ինքն ասաց, արդեն երեք տարի է գլխին տանիք չունի, անտուն է եւ գիշերում է ուր պատահի` անցումներում, այգիներում: Նրա խոսքերով, հայկական անձնագիր են տվել եւ «հատուկ կացարանից» զրկել` պայմանով, որ ապրելու այլ տեղ են հատկացնելու, սակայն մինչ օրս որեւէ ապրելու տեղ հայ փախստականին չի հատկացվել:
Սիսանի գյուղերից մեկում բնակվելու առաջարկ է եղել, սակայն, գյուղը շրջկենտրոնից 25 կիլոմետր հեռու է եղել, տունն էլ առանց լուսամուտների ու տանիքի: Սիսիան քաղաք հասնելու համար էլ պետք է գնալ-գալու համար տաքսուն 6 հազար դրամ գումար վճարի: Երբ գնացել է Սիսիան` այդ տունը տեսնելու, եղած իրերն էլ այնտեղ գողացել են. «Մի ձեռք շորով ման եմ գալիս, գիշերում եմ փողոցներում»,-ասում է սիրիահայ փախստականը:
Մեկ տարի ՄԱԿ-ի ֆինանսավորմամբ Եղիա Քեոշկերյանը վարձով է բնակվել, այնուհետ՝ փողոցում:
Նրա պատմելով, օրերս էլ ոստիկանները նրան քաշքշել են, ինչի պատճառով ձեռքը վնասվել է: Aravot.am-ի հետ զրույցում Եղիա Քեոշկերյանը ցույց տվեց բժշկի եզրակացությունը, համաձայն որի նրա աջ ուսահոդը սալջարդ էր եղել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ