Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ մեկնարկեց ՀՄԸՄ պատգամավորական 11-րդ ընդհանուր ժողովը

Սեպտեմբեր 07,2015 16:02

Սեպտեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարության գործակցությամբ կայացավ ՀՄԸՄ պատգամավորական 11-րդ ընդհանուր ժողովի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում է 20 շրջանների 104 ներկայացուցիչ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը փոխանցեց Նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը: Ուղերձում մասնավորապես նշված էր. «Սա Հայաստան-Սփյուռք գործակցության լավագույն օրինակներից է: Մենք մշտապես եղել ենք հայկական կազմակերպությունների կողքին և ամեն ինչ անելու ենք կապն ավելի ամրապնդելու, հայրենիքի շուրջ համախմբելու և հայաստանակենտրոն գործունեությունն առավել խթանելու համար: Խորհրդանշական այս տարում, երբ համայն հայությունն աշխարհի առաջադեմ մարդկության հետ միասին նշում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, մենք մեկ անգամ ևս ապացուցեցինք, որ անկոտրում է հայի կամքը, և վճռական՝ նրա ոգին, քանզի հաղթում են այն ժողովուրդները, որոնց պայքարն արդարացի է, և նպատակները՝ արդարացված: «Բարձրացիր, բարձրացրու»՝ ահա այն վեհ գաղափարը, որը Միության հենքը հանդիսանալով՝ տակավին արդիական է մնացել այսօր»:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնության խոսքը ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի օրհնության գիրը կարդաց Կարպիս Կապասաքայանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով. «Առանձնակի շնորհակալ եմ հային հայ պահելուն ուղղված ձեր գործունեության համար, որ ծավալում եք աշխարհի տարբեր ծայրերում: Կազմակերպության անվանման մեջ արդեն իսկ նշված է «հայ» բառը, ինչը նախ և առաջ պայմանավորված է ազգային արժեքները գիտակցելու մեծ պատասխանատվության զգացողությամբ: Սիրելի՛ ՀՄԸՄ-ականներ, դուք պետք է հիշեք, որ աշխարհի որ ծայրում էլ ծնված լինեք, Դուք հայաստանցիներ եք: Տարեցտարի մեծացնելով աշխարհագրությունը և ավելի մեծ թվով երկրներում հիմնելով ձեր մասնաճյուղերը՝ դուք աշխարհասփյուռ հայ երիտասարդությանը հնարավորություն եք տալիս ձեռքբերել ազգային արժեքներ և դառնալ դրանց կրողը, կրթում նրանց մարմինն ու հոգին»:
ՀՀ սփյուռքի նախարարն ընդգծեց, որ ՀՄԸՄ հիմնական գաղափարը միասնական ուժերով համահայկական խնդիրները լուծելն է, և միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությամբ պիտի կառուցենք մեր նոր ու հզոր Հայաստանը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը պարգեւատրվել է Երախտագիտության մեդալով եւ նրան հանձնեց մեդալը:
ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, շնորհակալություն հայտնելով պարգևի համար, ընդգծեց, որ ՀՄԸՄ-ի ներկայությունը Հայաստանում հույժ կարևոր է: Նա նշեց, որ հայրենական իշխանությունների բարի կամքով և աջակցությամբ անցյալ տարիների ընթացքում ՀՄԸՄ-ն ավելի ու ավելի է ամրապնդում իր դիրքերը Հայաստանում, գնալով մեծանում է կազմակերպությանը անդամագրվել ցանկացող երիտասարդների թիվը: «Իսկ ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցության հուշագրի կնքումը նպաստեց, որ այս տարվա համահայկական խաղերին առավելագույն թվով մարզիկներ մասնակցեն աշխարհի տարբեր երկրներից»:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ ՀՄԸՄ-ի առաքելությունը պարտավորեցնում է անընդհատ աշխատել մասնաճյուղերի աշխարհագրությունը մեծացնելու ուղղությամբ:

Ելույթով հանդես եկավ ՀՄԸՄ-ՀԱՍԿ կենտրոնական վարչության ատենապետ Հրաչյա Շմավոնյանը:

ՀՄԸՄ Արտակարգ պատվանշանով պարգևատրվեց «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը, «Վարդան Բախշյան» հուշամեդալով՝ ՀՄԸՄ ՀԱՍԿ-ի միջազգային կապերի պատասխանատու Օշին Փիրումյանը և ՀՄԸՄ Արժանյաց շքանշանով՝ ՀՄԸՄ Արգենտինայի մասնաճյուղի անդամ Աբրահամ Ահարոնյանը:

Հանդիսավոր բացման արարողությունից հետո, ՀՄԸՄ պատգամավորական 11-րդ ընդհանուր ժողովն իր աշխատանքները մինչև սեպտեմբերի 12-ը կշարունակի Աղվերանում, որը կուղեկցվի տարբեր ձեռնարկներով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930