Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական արվեստի փառատոն Ռումինիայի Տրանսիլվանիայի մարզի Գեորգեն քաղաքում

Սեպտեմբեր 07,2015 15:53

Սեպտեմբերի 4-ից 6-ը Ռումինիայի Գեորգեն (պատմական հայաբնակ Ջուրջով) քաղաքում անցկացվեց Հայկական արվեստի փառատոնի 5-րդ թողարկումը, որը կազմակերպվել էր Գեորգենի Հայ կաթոլիկ միության և թեմի, Տրանսիլվանիայի հունգարահայերի միության, Հարգիտայի նահանգային խորհրդի և Ռումինիայի Հայոց միության համատեղ ջանքերով։ Փառատոնի հանդիսավոր բացումը կատարվեց սեպտեմբերի 4-ի երեկոյան Գեորգենի հայ կաթոլիկ եկեղեցում, որտեղ ելույթ ունեցան Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Հարգիտայի նահանգային և Գեորգենի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Հունգարիայի խորհրդարանի հայ փոքրամասնության ներկայացուցիչ Թամաշ Թուրգյանը:

Փառատոնի շրջանակներում Ռումինիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո անցկացվեց հայագիտական գիտաժողով «Տրանսիլվանիայի հունգարահայերը. Անցյալը, ներկան և ապագան թեմայով», որին բացման խոսքով հանդես եկավ դեսպան Գասպարյանը: «Հայաստանը մեծապես կարևորում է աշխարհով մեկ սփռված հայկական մշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրման և ներկայացման հարցերը: Այդ ժառանգությունը, հատկապես եվրոպական տարածքում, մաս է կազմում ընդհանուր այն արժեքների, որ մենք այսօր համատեղ կիսում ենք: Այդ ժառանգությունը հարստացնում է նաև դրանց կրողների ինքնությունը», – իր խոսքում նշեց դեսպանը: Նշելով, որ այսօր բոլորիս համար ամենակարևոր անելիքն այդ ժառանգությունը երիտասարդ սերունդներին փոխանցելու հարցն է, փոխանցման արդյունավետ ձևեր գտնելը, դեսպանն ընդգծեց, թե այդ առումով Հայաստանի հետ գործնական կապեր հաստատելը պետք է դառնա Տրանսիլվանիայի հայկական միությունների գործունեության առանցքային ուղղություններից մեկը: Դրան կարող է նպաստել Գեորգենի և Ալավերդի քաղաքի միջև բարեկամության պայմանագիրը, որը ստորագրվել է անցյալ տարի և որի դրույթները նախատեսում են հատկապես երիտասարդության միջև զանազան կապերի խրախուսումը:

Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան պատմաբան, պրոֆեսոր Դեժո Գարդան, պրոֆեսոր Պիրոշկա Ջոթյան-Կրայչիրը Բուդապեշտից, դոկտոր Աթիլա Պուշկաշը, Սեբեստիեն Ֆորիկան, Ջուլյա Բալինտը և այլք: 19-րդ դարավերջի հունգարահայ մամուլին նվիրված հատուկ զեկույցով հանդես եկավ Երևանից ժամանած Անահիտ Սիմոնյանը: Զեկույցներ հնչեցին նաև հունգարահայ հայտնի նկարիչ Զոլտան Նուրիձանիի մասին:

Եռօրյա փառատոնի շրջանակներում Գեորգենի հայկական մշակութային կենտրոնում ցուցադրվեցին նկարչուհի Հերմոնե Մարթայանի, ժողովրդական վարպետներ Տոնի Անջիի և Գյուլա Բիրոյի գործերը: Առանձին սրահում ներկայացվեց Ռուբեն Գալիչյանի պատմական Հայաստանի քարտեզների հավաքածուն: Փառատոնի առանցքային միջոցառումներից էր սեպտեմբերի 5-ին ռումինահայ նշանավոր ջազի վարպետ Հարրի Դավիդյանի համերգը: Նախորդ օրը Գեորգենի հայ կաթոլիկ եկեղեցում փառատոնի բացմանը ելույթ էր ունեցել նաև «Lux Aurumque» երգչախումբը:

Փառատոնի այս տարվա թողարկումը ուշադրությունը բևեռել էր երիտասարդության հետ աշխատանքի վրա` կազմակերպելով տեղի հայ երիտասարդների միջազգային ճամբար, որի ծրագրի մեջ ընդգրկված էին Գեորգենում և շրջակայքում հայկական հետքերի որոնման, հայկական արմատներին, մշակույթին և ավանդույթներին ծանոթացման կետեր: Փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 6-ին մշակութային համագործակցության հուշագիր ստորագրվեց Գեորգենի Հայ կաթոլիկ միության և Բուդապեշտի 15-րդ թաղամասի տեղական խորհրդի ու նույն թաղամասի հայկական փոքրամասնության միջև:

Սեպտեմբերի 6-ին Գեորգենի հայ կաթողիկե եկեղեցում Տրանսիլվանիայի կաթոլիկ հայերի առաքելական կառավարիչ, եպիսկոպոս Գիորգի Յակուբինիի մասնակցությամբ մատուցվեց հանդիսավոր պատարագ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930