Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության» նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախագծին՝ փոփոխություններ կատարելու «Կուսակցությունների մասին» օրենքում:
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը կառավարության եզրակացությունն այսպես հիմնավորեց. «Կանոնադրությունը կուսակցության ներքին ճշգրիտ օրենքն է: Խոսում ենք իրավական ճիշտ փաստաթղթի մասին: Կանոնավորել, թե որն է ձեւական փոփոխությունը, ոչ բովանդակային, մի քիչ բարդ է: Հարցը կարգավորված է օրենքով եւ գտնում ենք, որ հարցի կարգավորման անհրաժեշտություն չկա»:
Տիգրան Ուրիխանյանը հարցրեց՝ ի՞նչ մեծ շնորհ կամ տաղանդ է պետք՝ չափորոշելու համար՝ էջի համարակալումը բովանդակային փոփոխությո՞ւն է, թե՞ ոչ, այդ հիմքով մերժվում է կուսակցության գրանցումը: Ի՞նչն է խանգարում եւս մեկ անգամ օրենքում բացառել այդ անհեթեթությունը եւ զրկել կամայական որոշումներից:
Կարդացեք նաև
Արսեն Մկրտչյանի խոսքերով՝ չկա այն ծանրակշիռ հիմքը եւ անհրաժեշտությունը, որ համագումարին տված լիազորությունը տան կուսակցության ղեկավար մարմնին:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասաց, որ այսօր մոտ 75-80 կուսակցություն է գրանցված պետռեգիստրում: Նա փոխնախարարին հարցրեց՝ այդ կուսակցություններից որեւէ մեկը նման խնդրի առաջ կանգնե՞լ է, ձեզ դիմե՞լ է: Արսեն Մկրտչյանը պատասխանեց, որ իրեն նման դեպք հայտնի չէ: Տիգրան Ուրիխանյանն արձագանքեց. «Այդ ժամանակ ոչ դուք, ոչ էլ դուք չէիք աշխատում»: Հայաստանի առաջադիմական կուսակցությունն ունեցել է նման խնդիր: Մարգարիտ Եսայանը հեգնեց՝ նկատի ունեք մ.թ.ա՞-ն:
Մարգարիտ Եսայանի խոսքերով՝ «Ես հասկանում եմ, ահագին չարչարվել ես երկրորդ համագումարի համար, բայց ճիշտ չէ այս փոփոխությունը»:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը, հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը եւ ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը կողմ արտահայտվեցին նախագծին եւ այն դրական եզրակացությամբ ընդգրկվեց քառօրյա նիստերի օրակարգ՝ 3 կողմ, 1 դեմ քվեարկության արդյունքներով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ