Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանն այսօր հյուրընկալել էր Բելգիայի կազմում գտնվող Ֆլանդրիայի ռեգիոնալ խորհրդարանի անդամ Քարիմ վան Օվարմեյրեին, որի շնորհիվ Ֆլանդրիայի խորհրդարանն այս տարվա ապրիլին բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Թեև Բելգիան համապետական մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռևս 1998 թվականին, սակայն Ֆլանդրիայի խորհրդարանի ընդունած բանաձևի տեքստը հիմնված է վերջերս Եվրախորհրդարանի ընդունած նույնանման փաստաթղթի վրա:
Քարիմ վան Օվարմեյրեի խոսքով՝ Ֆլանդրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումն այնքան էլ հեշտ չէր, և խորհրդարանի կողմից պետական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչումն առավելագույնն էր, որ հնարավոր էր անել. «Ֆլանդրիայում ապրող թուրքական համայնքը բավականին մեծ է ու կազմակերպված: Էլ չենք խոսում թուրքական լոբբինգի կազմակերպվածության մասին: Այս ամենն անհանգստացնում էր շատ մարդկանց, և նրանք մեզ խորհուրդ էին տալիս զգույշ լինել, քանի որ բանաձևը կարող է խոչընդոտել Թուրքիայի հետ հարաբերություններին: Բայց, բարեբախտաբար, խորհրդարանի մեծամասնությունը կողմ արտահայտվեց բանաձևին և կանգնեց հայերի կողքին»,- ասաց Քարիմ վան Օվարմեյրեն:
Նրա փոխանցմամբ՝ Ֆլանդրիայի բնակչության շատ քիչ մասն է տեղյակ՝ ինչ է կատարվել հայերի հետ 100 տարի առաջ: Խորհրդարանականը համոզված է, որ այստեղ մեծ անելիք ունի հենց հայ համայնքը, որը, ըստ Օվարմեյրեի, թուրքականի նման համախմբված ու քաղաքական առումով կազմակերպված չէ:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ