Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում այն մասին, որ նախկին ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը նոր կուսակցություն է ստեղծելու և այդ մասին կհայտարարի առաջիկա օրերին: Թեև այս մասին դեռ հստակ հայտարարություն չկա, սակայն Վարդան Օսկանյանը լրատվամիջոցների հետ զրույցում, համենայնդեպս, չի հերքել այդ լուրը:
Aravot.am-ը ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանից հետաքրքրվեց` համագործակցելո՞ւ են իրենց նախկին կուսակից ընկերոջ հիմնած քաղաքական ուժի հետ, պարոն Բաբայանը նախ կարճ արձագանքեց. «Ես իրենց մամուլի խոսնակը չեմ, այլ՝ ԲՀԿ»-ինը»:
Այնուհետև շարունակեց. «Իրենք մեր գործընկերներն են, և ինչ կորոշեն ու կանեն կամ ինչպես կշարժվեն, դա իրենց խնդիրն է: Նախ պետք է տեսնենք` նման բան անում են, թե`ոչ, հետո կխոսենք համագործակցության մասին»:
Հետաքրքրվեցինք` իսկ հանդիպումներ ունենո՞ւմ են նրանց հետ, տեղյա՞կ են նրանց գործունեությունից, Վահան Բաբայանն արձագանքեց. «Իրենց հետ չեմ հանդիպել, տեղյակ չեմ: Իհարկե, կան որոշակի խնդիրներ, չեմ թաքցնում, բայց կխնդրեի` մեր ներքին կուսակցական հարցերով մենք զբաղվենք առանց լրագրողների»:
Կարդացեք նաև
Մեր հստակեցմանը` ի՞նչ խնդիրների մասին է խոսքը, ի՞նչը կխանգարի համագործակցությանը, ԲՀԿ մամուլի խոսնակը պատասխանեց. «Եթե իրենք ստեղծեն այդ կուսակցությունը, այն ժամանակ գնահատական կտանք: Հիմա, ընդհանուր առմամբ, կան նման մտահոգություններ ու խոսակցություններ, բայց ստույգ փաստ այս առիթով ես չունեմ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ