Սեպտեմբերի 7-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում քննարկվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախագիծը՝ փոփոխություններ կատարելու «Կուսակցությունների մասին» օրենքում: Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է բյոուրոկրատական քաշքշուկը կրճատել եւ կուսակցությունների կանոնադրության մեջ ոչ բովանդակային՝ զուտ տեխնիկական կամ խմբագրական, ասենք՝ տառային, թվային կամ կետադրական նշանի փոփոխության համար համագումար չհրավիրել, ինչպես պահանջում է գործող օրենքը՝ կանոնադրական ցանկացած փոփոխության դեպքում:
Տիգրան Ուրիխանյանը սեփական փորձով համոզվել էր, թե, ասենք, սխալ համարակալված էջերի համար ինչքան քաշքշուկներ մեջ են ստիպված լինում ընկնել, ուստի առաջարկում է հեշտացնել գործընթացը, եւ ոչ բովանդակային փոփոխություններն իրականացնել եւ հաստատել կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի կողմից. «Սա հնարավորություն է՝ ազատվելու թղթաբանական, շատ հաճախ գրիչահարվածային հնարքներով աշխատող պետական հիմնարկներից եւ քայլ է դեպի ժողովրդավարություն»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը դեմ է Ուրիխանյանի առաջարկին: Ըստ նրա, «Կուսակցությունների մասին» օրենքում հստակ նշված է, որ կանոնադրական ցանկացած փոփոխություն պետք է լինի համագումարի միջոցով. «Որպես բանասեր ես ընդունում եմ, որ որեւէ ստորակետի կամ չակերտի համար չարժե համագումար հրավիրել, հոգեբանորեն ձեզ հասկանում եմ եւ գուցե մասնակի համամիտ եմ այդ մտքի հետ, բայց քանի որ մենք օրենքով պետք է շարժվենք, ձեր առաջարկով չե՞ք գտնում, որ հակասում եք «Կուսակցությունների մասին» օրենքին: Ես վտանգավոր եմ համարում ձեր առաջարկը: Չե՞ք կարծում, որ կառաջանա շատ խայտաբղետ վիճակ, երբ որոշ կուսակցություններ կգայթակղվեն հանկարծ եւ փակագիծը կավելացնի այնտեղ, որը սկզբունքային շատ մեծ բան կփոխի հաստատված կանոնադրության մեջ»:
Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց, որ նշել են՝ խոսքը ոչ բովանդակային, իմաստը չփոխող լրացումների մասին է: Մարգարիտ Եսայանը հակադարձեց՝ պիտի հիմա էլ հաստիք նշանակվի, որը կստուգի՝ արդյոք այսինչ կուսակցությունը բովանդակային փոխեց իր կանոնադրությունը, թե՞ ոչ: Ըստ Տիգրան Ուրիխանյանի, դրա համար գոյություն ունի արդարադատության նախարարություն:
Կարդացեք նաև
Մարգարիտ Եսայանը պնդեց, որ ինքը վտանգ է տեսնում այդտեղ: Տիգրան Ուրիխանյանի խոսքերով՝ «Առավել մեծ վտանգ կա այնտեղ, երբ համապատասխան մարմինները համարակալած էջերով են որոշում՝ գրանցե՞ն այդ կուսակցությանը, թե՞ ոչ»:
Մարգարիտ Եսայանը վստահեցրեց, որ երբ մեկը կուսակցություն է ստեղծում, պետք է ծանոթանա նախ օրենքին եւ իր կանոնադրությունն էլ համապատասխանեցնի օրենքին. «Պիտի բարի լինի ի սկզբանե դա անել, որ հետո առիթ չունենա ձեր նման երկրորդ համագումար հրավիրելու: Եթե ի սկզբանե օրենքով անեիք, դրա կարիքը չէր լինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ