Այսօր ընդդիմությունն ունի՞ հնարավորություն երկրում իրավիճակ փոխելու: Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Aravot.am-ի այս հարցին ՀԺԿ նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց. «Շանսեր ունենք: Ժամանակը ցույց կտա, ամեն դեպքում, մենք ոչ ենք ասում: Մենք ոչ ենք ասում ըստ էության կեղծիքին, ոչ ենք ասում իշխանության բռնազավթմանը»:
Լրագրողների հարցին՝ այսինքն, Դուք արտահերթ ընտրությունների պահանջ եք դնում՝ նա պատասխանեց. «Մենք միշտ ենք դրա կողմնակիցը եղել, որքան շուտ անցկացվեն ժողովրդավարական ընտրություններ, որքան շուտ այդ ընտրությունների միջոցով ձեւավորվի օրինական իշխանություն, այնքան ավելի մեր երկիրը կշահի»:
Հարցին՝ Եռյակի հեղափոխությունը տապալվեց, եւ փորձը ցույց տվեց, որ ընդդիմությունը մինչեւ վերջ չի կարողանում գնալ, ի՞նչ երաշխիք, որ այս անգամ մինչեւ վերջ պայքարելու է եւ արտահերթ ընտրությունների հասնելու է: Նա պատասխանեց. «Ես չէի ընդհանրացնի, թե ընդդիմությունը մինչեւ վերջ պայքարելու ունակություն չունի: Ընդդիմության մեջ տարբեր ուժեր կան: Համենայնդեպս, մեր դիրքորոշումը սկզբունքային է, մենք չենք շեղվելու այդ դիրքորոշումից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ