Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունը պետք է միավորվի, մենք պատրաստ ենք համագործակցել». Ստեփան Դեմիրճյան

Սեպտեմբեր 07,2015 14:12

Դեմիրճյանը հիշեցնում է, որ 2005-ին նույն խոսակցություններն էինք լսում, որ քայլ առաջ է, բայց ունեցանք Մարտի 1, աճեց արտագաղթը, աղքատությունը:

«Ոչ»-ի շարժում է ձեւավորվում, որը պետք է դիմադրի Սահմանադրական փոփոխություններին, ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, որպեսզի արդյունավետ պայքար ծավալվի: Այսօր՝ սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում այս հարցին ՀԺԿ նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց. «Ընդդիմությունը պետք է միավորվի: Մենք պատրաստ ենք համագործակցել տարբեր քաղաքական ուժերի հետ»:

Հարցին՝ նոյեմբերին արդեն իշխանությունները նախատեսել են, որ պետք է հանրաքվեն լինի, ընդդիմությունը դանդաղ քայլերով առաջ չի՞ գնում՝ նա չհամաձայնեց. «Կոնսուլտացիաներ են հիմա գնում, հանդիպումներ են լինում եւ չեմ կարծում, թե դանդաղ է: Ընդդիմության մեջ էլ չի հարցը: Դուք տեսնո՞ւմ եք հասարակական պահանջ: Բարձրաստիճան շատ պաշտոնյաներ իրենց մտահոգությունն են հայտնում այս փոփոխությունների նկատմամբ, գտնում են ոչ նպատակահարմար անցումը խորհրդարանական կառավարման համակարգի, բայց միաժամանակ իրականացնում են այս փոփոխությունները: Ո՞վ է ստիպել նրանց դա անել, երբ գտնում են, որ սկզբունքորեն դա ճիշտ չէ»:

Երբ ճշտեցին, որ եռյակի հեղափոխության ձախողումից հետո վստահության պակաս կա ընդդիմության նկատմամբ, եւ խոսքը ժողովրդին համախմբելու մասին է՝ Սստեփան Դեմիրճյանը պատասխանեց. «Եթե խոսում ենք վստահությունից, Սահմանադրական փոփոխություն կարելի է իրականացնել այն դեպքում,երբ վստահության մթնոլորտ է ձեւավորված երկրում, վստահություն կա ընտրական համակարգի նկատմամբ: Այդ ամենը մեր երկրում չկա: Եվ առհասարակ, այս կիսապատերազմական վիճակում, կարելի է ասել՝ համարյա պատերազմական վիճակում ի՞նչ փոփոխության մասին է խոսքը:

Մեր հարցին՝ Լեւոն Զուրաբյանն ասում է, որ ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ, հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ, մանդատների հարցն է լուծում հաջորդ խորհրդարանում, ուզում է 1-2 ավելի մանդատ ստանալ, համամի՞տ եք այդ գնահատականի հետ՝ պարոն Դեմիրճյանը պատասխանեց. «Ես ուրիշների քայլերը չեմ մեկնաբանում, խոսում եմ միայն իմ սկզբունքային դիրքորոշման հետ կապված»:

Ըստ Ստեփան Դեմիրճյանի, լավագույն դեպքում հասարակությունն անտարբեր է այս փոփոխությունների հետ կապված. «Որեւէ երաշխիք չկա, որ այս Սահմանադրությունը փոխելուց հետո երկրում ինչ-որ բան փոխվելու է: Ունենք փորձ, 2005-ին նույն խոսակցություններն էինք լսում: Դրանից հետո ունեցել ենք Մարտի 1, աճել է արտագաղթը, աղքատությունը եւ այլն: Պատճառը Սահմանադրության ոտնահարումն է, իշխանության բռնազավթումն է, որ այս վիճակում ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930