Aravot.am-ը ՀԺԿ նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանից հետաքրքրվեց՝ Դուք չէիք գնացել Բաղրամյան 26՝ Սահմանադրական փոփոխությունների հետ կապված Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, ո՞րն է պատճառը:
Նա պատասխանեց. «Սահմանադրական փոփոխությունների ոչ հասարակական պահանջ կա, ոչ էլ անհրաժեշտություն կա: Երկրում առկա այս համակողմանի ճգնաժամը, այս աղետալի վիճակը պայմանավորված է ոչ թե Սահմանադրության անկատարությամբ, այլ՝ Սահմանադրության ոտնահարմամբ, իշխանության բռնազավթմամբ: Ավելորդ է խոսել Սահմանադրական փոփոխությունների մասին, քանի դեռ չի իրացվում Սահմանադրության անփոփոխ 2-րդ հոդվածը: Մեր մոտ ձեւավորվել է ընտրությունը կեղծելու ավանդույթ եւ դրա վերջը պետք է տալ»:
Մեր հարցին՝ ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ ընդունեցին Սերժ Սարգսյանի հրավերը եւ գնացին այդ քննարկմանը, Դուք ընդունելի՞ եք համարում, երբ ընդդիմության ներկայացուցիչներն այդպես են վարվում՝ նա պատասխանեց. «Ես մյուսների քայլերը չեմ ուզում մեկնաբանել, իմ համար ես պատասխանեցի: Իրենք թող մեկնաբանեն իրենց քայլերը»:
«Ոչ»-ի շարժում է ձեւավորվում, եւ իշխանություններն անհոգ են այդ առումով, վստահեցնում են, որ ընդդիմությունը հաջողության չի հասնի, բազմաթիվ փորձեր են եղել մարդկանց հրապարակ դուրս բերելու եւ տապալել են, այս անգամ էլ կտապալվի այդ շարժումը: Այս առնչությամբ մեր հարցին պարոն Դեմիրճյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում տապալվել է: 2005-ին Սահմանադրական փոփոխություններն իրականացվեցին աներեւակայելի կեղծիքներով: Ո՞րն է իմաստը այդպիսի կեղծիքներով Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու, ինչի՞ ենք հասնում: Խոսում են փոփոխությունների մասին, որ քայլ է որակապես փոխվելու, քայլ է դեպի ժողովրդավարություն եւ այլն: Նույնն ասվում էր 2005-ին: Եվ ի՞նչն է փոխվել դրանից հետո, մարդիկ ավելի պաշտպանվա՞ծ են իրենց զգում սեփական երկրում, արտագա՞ղթն է նվազել, կոռուպցիա՞ն է պակասել: Որեւէ դրական փոփոխություն չեք կարող արձանագրել, երկիրը դատարկվում է, ամայանում է եւ հիմա նորից Սահմանադրական փոփոխություննե՞ր եք իրականացնում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ