ԲՀԿ կուսակցության մամուլի քարտուղար Վահան Բաբայանը «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում որոշ մանրամասներ ներկայացրեց ԲՀԿ-ական պատգամավորների՝ սահմանամերձ համայնքներ այցելությունից:
Սահմանից նոր վերադարձած Վահան Բաբայանը հայտնեց, որ այնտեղ բնակչությունը վճռական է տրամադրված, չկա խուճապային տրամադրություն: Նա տեղեկացրեց, որ իրենց հիմնականում հարկային արտոնությունների, ավանդների վերադարձի և զենքի տրամադրման հարցերով են դիմել:
Վահան Բաբայանը մանրամասնեց. «Չեմ կարող ասել, զենքի տրամադրումը չափահաս տղամարդկանց որքանով է նպատակահարմար, բայց այդ հարցը պետք է քննարկվի»:
Վահան Բաբայանը նշեց, որ այս հարցերը առաջիկայում բարձրացնելու են ԱԺ-ում: Դառնալով հրետակոծության հետևանքներին՝ պատգամավորը նշեց. «Մտել ենք տներ, որտեղ մարդկանց ննջարաններում ու սենյակներում մեծ տրամաչափի զենքերից խոցված տեղեր տեսանք, ու եթե այնտեղ լինեին մարդիկ, հաստատ զոհված կլինեին: Այսինքն՝ խոսքը միայն դիպուկահարների մասին չէ, այլ այն, որ արկերով հրետակոծում են ՀՀ սահմանամերձ գյուղերը: Սա ագրեսիա է ՀՀ սահմանների և քաղաքացիների նկատմամբ»:
Կարդացեք նաև
Վահան Բաբայանը տեղեկացրեց, որ սահմանամերձ համայնքներում ապաստարաններ են կառուցվում, որոնք ռմբակոծության ժամանակ մարդկանց պատսպարվելու համար են ծառայելու:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ