Վերջերս «Ասպարեզը» անդրադարձել է Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Արամ Մանուկյանի՝ Արամի 7 (ըստ որոշ թղթերի՝ Արամի 9) հասցեում գտնվող տան ճակատագրին: «Քաղաքապետարանի թէ՛ այն ժամանակի, թէ՛ ներկայ պատասխանատուները կարող են հակադարձել, որ ի՞նչ վատ բան կայ. վաճառել են, որ վերականգնուող «Հին Երեւան» ծրագրի շրջանակում Արամի 9 հասցէի աւերակի դիմապատը պահպանուի՝ վրան էլ ցուցանակ, թէ այդ պատի յետեւում ապրել է Հայաստանի նորօրեայ պետականութեան հիմնադիր Արամ Մանուկեանը: Այսպէս կարելի է արդարացնել ցանկացած սրբապղծութիւն»,-գրում է «Ասպարեզը»՝ Արամ Մանուկյանին որակելով վտարանդի իր իսկ կերտած հայրենիքում՝ փաստելով, որ վաճառել են երկրի բարոյական հիշողությունը, որպես սովորական հիմնահող օտարելով տան տարածքը:
Հուշարձանի ճակատագրի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք ՀՀ մշակույթի նախարարության Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանից: Պարոն Այվազյանը Aravot.am-ին հայտնեց, որ այդ տունը իսկապես հուշարձանների ցանկում է, նաեւ հավաստիացրեց, որ նրան ոչինչ չի սպառնում:
«Երկու անգամ դաշնակներն էին մեզ դիմել, որ ցանկանում են էդտեղ Արամ Մանուկյանի թանգարան հիմնել: Ընդ որում՝ դրանցից մեկը վերջերս էր, նաեւ ցանկություն էին հայտնել, որ հարեւանությամբ էլ Արամ Մանուկյանի արձանը տեղադրվի կամ կիսանդրին: Մենք պատասխանել ենք, որ «Հին Երեւան ծրագրով» շենքը վերականգնվելու է, ու կողմ ենք, որ այդտեղ Արամ Մանուկյանի թանգարան լինի, իսկ արձանի հետ կապված ուղղակի տեղի խնդիր կար: Այսինքն, եթե բակային հատվածում լինի, կարող է արձանը մասշտաբով չհամընկնել, իսկ փողոցի վրա կարելի է տեղ գտնել, բայց դա «Հին Երեւանի» հետ պետք է նայել՝ ընդհանուր ճարտարապետության մեջ: Այժմ «Հին Երեւան» ծրագրով ներկայացվել է նախագիծ, որը արվել է ու այս պահին պայմանագրային խնդիրներ կան: Հարցը մտադիր ենք նորից բարձրացնել, որովհետեւ գտնում ենք, որ սեփականատերը գոնե շենքի մասը պետք է տրամադրի Արամ Մանուկյանի թանգարանին: Իսկ իմ սուբյեկտիվ կարծիքով՝ լավ կլիներ, որ այդտեղ լիներ ոչ թե զուտ Արամ Մանուկյանի, այլ Առաջին Հանրապետության պատմությանը նվիրված մասշտաբային թանգարան»,-ասաց Կարո Այվազյանը:
Հավելենք, որ ներկայիս՝ Արամի 7 հասցեում 1917 թ. դեկտեմբերի կեսերից մինչեւ 1919 թ. հունվարի 29ը՝ մինչեւ մահը, ապրել է Արամ Մանուկյանը, ապա այդտեղ նրա այրին՝ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Եկատերինա Զալյան-Մանուկանը, 1920 թ.-ից սկսած՝ նաեւ ՀՀ երրորդ վարչապետ Համազասպ Օհանջանյանը՝ ընտանիքի հետ: Երբեմնի Ցարսկայա փողոցը 1919 թ. Հայաստանի կառավարության որոշմամբ դարձել էր Արամի փողոց, 1921-1991 թթ. վերանվանվել Սպանդարյան, եւ վերջապես 1991-ին նորից Արամի փողոց:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` asbarez.com-ի