Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ օրենքը «քնեցնում են», բազմաթիվ կանայք սպանվում ու բռնության են ենթարկվում

Սեպտեմբեր 07,2015 14:30

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը մնացել է, այսպես ասած, «օդում կախված», ու չնայած նախագիծը քննարկվել է, բայց Հայաստանի իշխանությունները դեռեւս հրաժարվում են այն ընդունել: Մինչ նախագիծը «քնեցված է», ընտանեկան բռնության դեպքերը շարունակվում են, ու քիչ չեն դրանց մահվան ելքերով ավարտները:

Նախագծի հեղինակները վստահեցնում են, որ այն հնարավորություն է տալիս բազմաթիվ կյանքեր ու ընտանիքներ կործանումից փրկել:

Վերջին մի քանի ամսում գրեթե այդպիսի շաբաթ չի եղել, որ ընտանեկան բռնության դեպք չարձանագրվի: Որպես օրինակ ներկայացնենք մի քանի դեպք՝ մայիսի 29-ին տղամարդը ներխուժել է նախկին կնոջ տուն ու վեճի ընթացքում մի քանի անգամ դանակով հարվածել կնոջ կրծքավանդակին, ապա քրոջն օգնության հասած կնոջն է դանակահարել: Այս դեպքից մի քանի օր հետո Ալավերդիում ամուսինը սպանել է կնոջը, ճիշտ է, հանցագործին՝ ամուսնուն, ձերբակալել են, բայց նրանք 2 անչափահաս երեխաներ ունեին, որոնք, ըստ էության, զրկվեցին ծնողներից:

Հուլիս ամսին Զոլաքար գյուղում 81-ամյա Ա. Բաղդասարյանը բռնի ուժով սեռական հարաբերություն է ունեցել իր 9-ամյա դստեր հետ: Ընդ որում, այս արտառոց դեպքը պատմել է հենց զոհը՝ 9-ամյա աղջնակը: Օգոստոսի 6-ին Երեւանում ամուսինը այնպես է հարվածել կնոջը, որ 4 օր անց կինը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է: Այս դեպքից էլ 1 օր անց մեկ այլ նմանատիպ դեպք է տեղի ունեցել Երեւանում. կրկին ամուսինը բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ. նա դանակահարել է կնոջը, ու բարեբախտաբար, այս միջադեպը մահվան ելքով չի ավարտվել: Այս տարվա օգոստոսի 25-ին Արագածոտնի մարզում Գ. Գալոյանն իր բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ՝ Գ. Գրիգորյանի հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով հարվածել է վերջինիս կրծքավանդակին. կինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Հրազդանի բնակչուհի, 42-ամյա Արմենուհի Պետրոսյանը մոտ 6 տարի պարբերաբար ծեծի է ենթարկվել ամուսնու կողմից, ինչին կինը չդիմանալով՝ ցած է նետվել բնակարանի 2-րդ հարկից ու մարմնական ծանր վնասվածքներ ստացել… Կինը պատմել է, որ ամուսնու բռնություններին միշտ ականատես է եղել նրանց դուստրը:
Վերը նշված դեպքերը վերջին մի քանի ամիսների քրոնիկոնից էին առանձնացված, բնականաբար, արձանագրված բոլորը դեպքերը չէինք կարող ներկայացնել մի հոդվածում:
Իսկ պաշտոնական տվյալներով՝ ընտանեկան բռնությունները մի քանի հարյուրի են հասնում. Ոստիկանությունից մեզ տրամադրած տվյալների համաձայն՝ 2015 թվականի օգոսոտսի 20-ի դրությամբ ընտանեկան բռնության 447 դեպք է արձանագրվել, որից ամուսնու կողմից կնոջ նկատմամբ՝ 271 դեպք, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ՝ 5 դեպք, ծնողի կողմից զավակի նկատմամբ՝ 38 դեպք, զավակի կողմից ծնողի նկատմամբ՝ 56 դեպք, եւ ընտանիքի այլ անդամների կողմից՝ 77 դեպք:

2014 թվականի 8 ամիսներին գրանցվել է ընտանեկան բռնության 472 դեպք, իսկ ամբողջ 2014 թվականի ընթացքում ընտանեկան բռնության 678 դեպք է պաշտոնապես գրանցվել:
Իրավաբանները պնդում են՝ նման դժբախտությունները հնարավոր է կանխել, նվազեցնել օրենսդրական դաշտի փոփոխությամբ:

Օրենքի նախագծի համահեղինակ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը վստահեցնում է, որ նախագծով նախատեսվում է ընտանեկան բռնության ամենաթեթեւ դեպքից սկսած մինչեւ ամենածանրը միջամտության 3 տարբերակներ, որոնք, անշուշտ, բռնարարին զգոնության բերելու միջոց են:

«Մեզ մոտ 1 ապտակը քրեորեն պատժելի չէ, բայց 1 ապտակը ընտանիքի անդամի կողմից աստիճանաբար լարվածություն է առաջացնում, ձեւավորում են ոչ նորմալ հարաբերություններ, ինչը կարող է հանգեցնել նույնիսկ առանձնապես ծանր հանցագործության»,- ասում է Թումասյանը: Նրա խոսքերով՝ իրավապահ մարմինների կողմից վիճակագրական տվյալները ներկայացվում են որպես կենցաղային հողի վրա կատարված սպանություններ, պատճառված մարմնական վնասվածքներ եւ այլն. «Իսկ դրանք առաջացնում են 1, 2, 3, 4, 5 ապա 10 կոնֆլիկտ, արդյունքում մեկի մոտ առաջանում է աֆեկտ, կամ մյուսի մոտ այդ կոնֆլիկտներն առաջացնում են անպատժելիություն, եւ նա սկսում է կատարել ծանր հանցագործություններ»:

Իրավաբան Նոնա Գալստյանը, որը շատ է առնչվել ընտանեկան բռնության դեպքերի հետ, մեզ հետ զրույցում նկատում է, որ նման գործերով օրենքի բացակայությունը գործնականում մեծ դժվարությունների առաջ է կանգնեցնում՝ նախ ելնելով զոհի պաշտպանության նկատառումներից: Մինչեւ բռնարարի նկատմամբ համաչափ պատիժ նշանակվի, ըստ Գալստյանի, այդ բռնության զոհը ունի պաշտպանության կարիք, իսկ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծով այդ պաշտպանության մեխանիզմները բավականին հստակ եւ սպառիչ ներկայացված են. «Ներկայումս, երբ այդ մեխանիզմներից որեւէ մեկը չի գործում, զոհը հայտնվում է անպաշտպան, անօգնական վիճակում»: Ընտանեկան բռնության զոհերին մեր երկրում միակ աջակցությունը, որպես ժամանակավոր կացարան, տրամադրում են հասարակական կազմակերպությունները: Գալստյանը նկատում է, որ այդ կացարանների հասցեները գաղտնի են պահվում, ուստի այստեղ զոհի գտնվելու ժամանակաշրջանում բռնարարը հնարավորություն չի ունենում շարունակել անհանգստացնել, բռնությունների ենթարկելու սպառնալիքներ ուղղել եւ այլն. «Այս իմաստով օրենքի ընդունումը կարեւոր է զոհին պաշտպանություն ապահովելու համար, քանի որ նախագծով առաջարկվում է պետական նման կացարանների ստեղծում»:

Գալստյանն ասում է, որ ընտանեկան բռնությունների դեպքերի քննության պարագայում չկա մասնագիտացված մոտեցում ե՛ւ ոստիկանությունում, ե՛ւ դատարանում: Ընտանեկան բռնության դեպքերը քննելիս, Գալստյանի ներկայացմամբ՝ ոստիկանությունն առաջնորդվում է այն նույն կանոններով, ինչ այլ գործերի ժամանակ: Սա բարդությունների առաջ է կանգնեցնում. օրինակ՝ երբ նրանք ընտանեկան բռնության զոհին պարտադրում են ինչ-որ գործողություն կատարելու համար ներկայանալ ոստիկանություն կամ դատարան՝ հաշվի չառնելով, որ անձն ունի վախեր, եւ հենց ճանապարհին կամ դատարանում նա կրկին կարող է բռնարարի կողմից բռնության ենթարկվել. «Ես իմ պրակտիկայում նման դեպքերի շատ եմ հանդիպել: Կարելի է ասել, 100-ից 80 դեպքերում այդ վտանգը իրական է եւ շատ դեպքերում իրագործվում է բռնարարի կողմից»:

Գալստյանի խոսքերով՝ կա մեկ այլ խնդիր էլ օրենքի բացակայության պատճառով. հաճախ այդ տեսակի բռնության դեպքերի հետ առնչվող ոստիկանները կամ դատավորներն այնպիսի հարցեր են ուղղում զոհին, որ եթե նրանք տեղյակ լինեին ընտանեկան բռնություն երեւույթին, նման հարցեր չէին տա. «Հարցնում են՝ ինչո՞ւ ես այսքան ժամանակ հանդուրժել բռնությունը, ինչո՞ւ չես բաժանվել, ի՞նչն է դրդապատճառ եղել, որ բռնության ես ենթարկվել, բայց դրա հետ մեկտեղ իրենք ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի փորձեն բողոք ներկայացրած անձին համոզել, որ դե, ընտանիք է՝ ամեն ինչ էլ կլինի, համակերպվի, հանդուրժի, լավ կլինի եւ այլն: Եվ շատ դեպքերում, երբ ընտանեկան բռնության զոհը թուլանալով, մտածելով՝ հնարավոր է հետագայում լավ լինի ամեն ինչ, ներում է, վերադառնում ամուսնու մոտ, արդյունքում մեծ մասի մոտ բռնության դեպքերը կրկնվում են ու շատ ավելի դաժան ձեւով»:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը մեզ հետ զրույցում ասում է, որ իր ղեկավարած վարչության ոստիկանները վերապատրաստվում են ընտանեկան բռնության հարցերով՝ ինչպես պետք է մոտենալ բռնարարին, աջակցել զոհին. վերջին վերապատրաստմանը մասնակցել են 57 ոստիկան: Տիկին Դուրյանն ասում է, որ քիչ չեն դեպքերը, երբ բռնության ենթարկված կինը դիմում է ոստիկանություն, տեղեկացնում ծեծի մասին, բայց հաղորդում տալու հենց հաջորդ օրը դիմումը հետ է վերցնում. «Ասում են՝ բողոք չունենք, որովհետեւ կարող է հարեւանը, բարեկամը կամ մեկ ուրիշը ամոթանք տա: Կամ ամուսինն է համոզում, կամ կինը մտածում է հանուն երեխաների բողոքը հետ վերցնել: Պատճառները տարբեր են, բայց եթե կինը գալիս է եւ հաղորդում տալիս, ոստիկանությունը պարտադիր վերցնում է այն, նյութեր են ստեղծվում: Պետք է նշեմ, որ համայնքային ոստիկանների մոտ հաշվառվում են անհաշտ ընտանիքները, հաշտեցման եւ նաեւ այդ վեճերի կանխարգելման աշխատանքներ են տարվում»:

Օրենքի նախագծի հեղինակներն են նաեւ կանանց իրավունքներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնց ներկայացուցիչները նախագծի շուրջ քննարկում են ունեցել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում ասում է, որ նախագիծը պատրաստ են դնել շրջանառության մեջ լրամշակված տարբերակով, քանի որ կան որոշ կետեր, տերմիններ, որոնք անհրաժեշտ է փոփոխության ենթարկել: Սահակյանն ասում է, որ նաեւ պետք է հաշվի առնել, ուսումնասիրել՝ արդյո՞ք մեր երկրում այն իրավիճակն է, որ օրենքը պետք է կյանքի կոչվի. «Պետք է պարզել՝ կա՞ հասարակական հարաբերություններում այդ խնդիրը, գուցե սոցհարցումներ արվեն, պարզվի՝ ընտանեկան բռնություններն ի՞նչ բնույթի են: Ի վերջո՝ մեր հասարակությունում իգական սեռին միշտ հարգել են, մայրը, քույրը, աղջիկները եղել են մեծարանքի առարկա»:

Մեր այն դիտարկմանը՝ կան դեպքեր, երբ այդ հարգված կանայք դանակահարվում են, սպանվում, Սահակյանն այս առնչությամբ պատասխանում է՝ «Բայց ամուսինը ինչո՞ւ դանակահարեց՝ հարբեցո՞ղ էր, կինն ինչ-որ արա՞րք էր թույլ տվել, որը տղամարդու ընկալման մեջ չի տեղավորվում»: Մեր այն դիտարկմանը, որ դա չի արդարացնում հանցանքը՝ Սահակյանն ասում է՝ «Այո, ընդունում եմ, ուղղակի պետք է պարզել՝ օրենքի ընդունմամբ շտկելո՞ւ ենք իրավիճակը, թե՞ ավելի վատթարացնելու: Այսինքն՝ մի հայ տղամարդ կնոջ վրա խոսում է, կինը բողոք է գրում, ոստիկանությունը միջամտում է, հասկանանք՝ տղամարդը շտկվելո՞ւ է, թե՞ ընտանիքը քանդվելու է: Սրանք նուրբ հարցեր են, որոնցով ընտանեկան հարաբերություններ մտնելուց առաջ պետք է խորը գիտակցենք՝ ինչ ենք անում»:

Ամբողջ նախագծում չկա մի կետ՝ ասում է նախագծի համահեղինակ Թումասյանը, որը միտված է ընտանիք քանդելուն, նախագծի հայեցակարգը միտված է առողջ ընտանիքի ձեւավորմանը:

Ինչ վերաբերում է նախագծով նախատեսված ընտանեկան կոնֆլիկտների միջամտությանը, ապա Թումասյանը նկատում է, որ միջամտությունը կախված է նրանից, թե ինչ է տեղի ունեցել. «Ընդ որում, առաջինը սկսվում է բացատրական աշխատանքներ տանելով: 2-րդ միջամտությամբ աշխատանք է տարվում է ոչ միայն բռնարարի հետ, այլեւ տուժողի, եթե հարկ է լինի՝ նաեւ հոգեբանի աջակցություն է ցուցաբերվում 2 կողմին էլ: Իսկ հաշտեցման մոտեցումն առաջնահերթ է»:

Իրավաբանն ասում է, որ նախագծով նախատեսված է՝ եթե հոգեբանական աշխատանքը որեւիցե արդյունք չի տվել, անձը շարունակում է բռնությունը, այս դեպքում կիրառվում է վարչարարություն այդ անձի նկատմամբ: Եթե գրավոր նախազգուշացումներն էլ արդյունավետ չեն եղել, քրեական պատասխանտվության հարց կլինի:
Թումասյանը նշում է, որ օրենքը շատ կարեւոր է նաեւ երեխաների պաշտպանության տեսակետից. այն երեխան, որը միշտ ականատես է լինում բռնության, նա հետագայում չի կարողանում ձերբազատվել դրանից. «Մի երեխայի մոտ այդ վիճակը հանգեցնում է նրան, որ ինքը ցանկացած բռնության ենթարկվում է, մյուսն ավելի ագրեսիվ է դառնում, մեծ տարիքում էլ կարող է դառնալ բռնարար: Ուստի օրենքը կարեւոր է նաեւ առողջ, հոգեպես առողջ, խաղաղ ընտանիք ապահովելու համար»:

Թումասյանը պնդում է, որ իրավապահների նպատակը պատժելը չէ, այլ բռնությունը կանխելը. «Նախագիծը չի ասում, որ ցանկացած դեպքի առկայության պարագայում ոստիկանությունը պարտադիր պիտի միջամտի, դա որոշում է ընտանիքը: Բայց եթե ընտանիքի անդամներից մեկը պարբերաբար կապտուկներով է, ապա այստեղ պետության պարտավորությունն է ապահովել անձի անվտանգությունը»:

Մինչ ոլորտի պատասխանատուները մտածում են՝ օրենքի նախագիծը հարմար է, թե հարմար չէ մեր հասարակությանը, կօգնի, թե կվնասի ընտանիքին՝ բազմաթիվ կանայք շարունակում են ենթարկվել բռնության, դանակահարվում են, սպանվում, ու հաճախ այս ամենը տեղի է ունենում անչափահաս երեխաների աչքի առաջ:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Հ.Գ. Նյութը պատրաստվել է «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ի արագ արձագանքման խմբի շրջանակներում:

«Առավոտ» օրաթերթ
05.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930